Ս. Բալասանյանը «նեղված է» իր նախկին կուսակիցներից (տեսանյութ)
ՀՀԿ համագումարին ներկա էր նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նաեւ «Գյումրի գարեջուր» ընկերության հիմնադիրն է: Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ ՏՄՊՊՀ կողմից գործարանի տուգանելու հանգամանքին։ «Այդ բիզնեսով ես չեմ զբաղվում, սակայն տեղյակ եմ, որ այդտեղ խախտումներ չեն եղել: Ես սխալ եմ համարում, որ տուգանում են տեղական արտադրողներին ու նրանց վրա ճնշումներ գործադրում, քանի որ տեղական արտադրողը հազիվ է դիմանում մրցակցությանը: Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան գարեջուր է ներմուծվում Հայաստան»,-ասաց նա։ Արդյոք հանձնաժողովի կողմից «Գյումրի գարեջուր» -ին տուգանելը սուբյեկտիվ վերաբերմուն չէ՞ր՝ հարցին, պարոն Բալասանյանը խուսափեց պատասխանել: Պատասխանից խուսափեց նաեւ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա անորոշ պատասխան տվեց նաեւ «Երեւան գարեջուր» ընկերության մասին, որին եւս տուգանել է: Այն պատկանում է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը որոշել է այս որոշումը վիճարկել դատարանում: «Դա սովորական ընթացակարգ է: Բազմաթիվ որոշումներ են կայացվել, բազմաթիվ տնտեսվարողներ դատական կարգով բողոքարկել են դրանք: Այս հարցում էլ դատարանը վերջնական որոշում կկայացնի», պատասխանեց Արտակ Շաբոյանը: Իսկ այն դիտարկումներին, թե ՏՄՊՊՀ քայլերն ուղղված են ՀՀԿ դեմ, պարոն Շաբոյանը չմեկնաբանեց: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն արդեն դիմել է ՍԴ՝ վիճարկելու Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի քաղաքապետ դառնալու հանգամանքը, պարոն Բալասանյանն իր նախկին կուսակիցների մասին միայն ասաց, թե զարմացած է, քանի որ ժամանակին իր այդքան լավություններից հետո իրեն այդպես են պատասխանում: