ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆԱՏՕ-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի այցն արագացրեց ՀՀ-ում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը: Ինչպես նշեց Կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը գրասենյակի պաշտոնական բացումը տեղի կունենա ավելի ուշ, իսկ այսօր ընդամենը հայտարարվեց կենտրոնի գործունեության մեկնարկի մասին:
Մոտ 700 կգ գրականության միջոցով, այս թիվը նշեց Արա Թադեւոսյանը, կենտրոնը մտադիր է հայ հասարակությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի գործունեության եւ եվրոատլանտյան համայնքի հետ Հայաստանի մերձեցման համար պայմանների ստեղծման մասին: Թե ինչպիսի պայմանների մասին է խոսքը, պարոն Սիմոնսը, ինչպես նաեւ Հայաստանյան կենտրոնի տնօրենն այսօր չնշեցին՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել վաղը նախատեսված ասուլիսի ընթացքում: Արա Թադեւոսյանը միայն տեղեկացրեց, որ Հայաստանում նման կենտրոնի ստեղծումը եռակողմ նախաձեռնություն է՝ ՀՀ Կառավարության, ՆԱՏՕ-ի հասարակական վարչության եւ Հայկական Ատլանտյան ասոցիացիայի:
Այսօրվա հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: «Այսօրվա միջոցառումը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործունեության ծրագրի շրջանակներում է: ԱԳՆ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնսից»,- ԱԳ փախնախարարը խոսքը սկսվեց եւ ավարտվեց այսպես: Ռոբերտ Սիմոնսը խոսեց Հայաստան կատարած այցելությունների ընթացքում իր ապրած զգացողություններից. «Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, հանդիպում եմ տարբեր մարդականց հետ, դասախոսություններ եմ կարդում եւ հասկանում եմ, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները վայելում են հասարակության լայն շերտերի օժանդակությունը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը մեզ տրամադրած պայմանների համար»:
Ի դեպ, ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի տարածքի վարձակալության ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: