Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզային հեռուստաընկերությունների հարցը չի լուծվի մինչեւ ընտրությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
marz

Անալոգային հեռարձակմամբ  մարզային հեռուստաընկերությունների հարցը կարող է լուծում ստանալ միայն ԱԺ ընտրություններից հետո: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսպիսի պատասխան է ստացել ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանից, երբ  ներկայացրել է իրենց մշակած օրենսդրական փաթեթները: Այդ ժամանակահատվածը , ըստ մասնագետների կարող է ճակատագրական դառնալ մարզային հեռուստաընկերությունների համար: Մարզային հեռուստաընկերությունները փակվելուց փրկելու համար, ոլորտի մասնագետները առաջարկում են ժամանակավոր լուծումներ մինչ օրենսդրական փոփոխությունները: Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ մարզային հեռուստաընկերության ներկայացուցիչները հասկացել են, որ թվային հեռարձակման անցնելու գործընթացը, ոչ մի երկրում այսքան չի վնասել մասնավոր հեռուստաընկերություններին , որքան  Հայաստանում: «Եթե քաղաքական կամք լինի, հարցը կլուծվի: Այս դարում հեռուստաընկերություն փակելն ամոթ է»,- ասում է «Լոռի» ՀԸ-ի տնօրեն  Նարինե Ավետիսյանը: «Քաղաքական խնդիր չկա՝ մարզային հեռուստաընկերությունները փակելու, ոչ թե որովհետեւ իրենք օբյեկտիվ են, այլ որովհետեւ վտանգ չեն տեսնում: Բայց նաեւ ջանքեր չեն գործադրում ավելորդ օգնելու փրկել դրանք, որովհետեւ իրենց հետաքրքիր չի դա»,- ասում ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը: Թե ինչ լուծում կստանա  խնդիրը դեռ պարզ չէ։ Իսկ մինչեւ այդ մարզային հեռուստաընկերությունները, որոնք  թվային հեռարձակման հետեւանքով այլեւս հասանելի չեն լսարանին, օրեցօր կորցնում են իրենց վարկանիշն ու կանգնում  փակման շեմին: