Խաչատուր Գիչյանը միջնորդություն չի ներկայացնի
«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի պաշտպանը գործի նյութերին ծանոթանալուց հետո որեւէ միջնորդություն չի ներկայացնելու: «Նախաքննության ընթացքում մեկ մեղադրանքից հրաժարվելն արդեն կարելի է հաջողություն համարել: Մենք դատարանում կներկայացնենք մեր մյուս միջնորդությունները»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Սարգսյանը: Պաշտպանը դեռ ծանոթանում է գործի նյութերին եւ այնտեղ լուրջ դիտավորություն չի տեսել: «Հիմքեր չկան նրան մեղադրելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելու մեջ»,- ավելացրեց պաշտպանը: Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՊԾ գնդի զինված զավթման գործով մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի նկատմամբ քրեական գործն անջատել է եւ նրանց մասով նախաքննությունն ավարտվել է: