Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը պարտությունից հետո ծլկել է

Սպորտ
gagik-1

Նյու Յորքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում հաշիվը բացված է: Այս գիշեր կայացած 8-րդ պարտիայում սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ամեն գնով փորձեց հաղթանակի հասնել՝ անընդհատ սրելով իրավիճակը: Չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը չնայած հայտնվեց ցայտնոտում, սակայն կարողացավ ճիշտ կազմակերպել պաշտպանությունը եւ չեզոքացնել սպիտակների անցումային զինվորին: Թվում էր, որ պարտիան կրկին կավարտվի ոչ-ոքի, սակայն Մագնուս Կառլսենը շարունակեց ակտիվ գործել եւ փորձեց նյութական առավելություն ստանալ: Չնայած դա նրան հաջողվեց, սակայն Սերգեյ Կարյակինն իր հերթին շահավետ դիրք ստացավ: Ի վերջո, ռուսաստանցի գրոսմայստերը հաշվենկատ գործողություններով 52-րդ քայլին աշխարհի չեմպիոնին ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Այդպիսով, մրցախաղի հաշիվը դարձավ 4,5:3,5՝ հօգուտ Սերգեյ Կարյակինին: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Մագնուս Կառլսենը պարտությունից հետո չի մասնակցել մամուլի ասուլիսին: Իսկ ահա ռուսաստանցի շախմատիստն ասել է, որ ավելի լավ է հաջող խաղալ, քան՝ սպիտակներով: Բանն այն է, որ նա նախորդ երկու պարտիաներում խաղացել էր սպիտակներով, եւ այդպես էլ ոչ մի առավելություն չէր ստացել: