Հայաստանը՝ խաղաղության հռչակագրի համահեղինակ (տեսանյութ)
Կորեական HWPL կազմակերպությունը, որը խաղաղության հռչակագիր է մշակել եւ պատրաստվում է ներկայացնել այն ՄԱԿ-ին, այսօր առաջին անգամ ֆորում անցկացրեց Հայաստանում։ «Ա1+»-ի հետ զրույցում հայաստանյան ֆորումի կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանը նշեց, որ կորեացիները կովկասյան երկրներից Հայաստանն են ընտրել որպես ֆորումի անցկացման վայր.
«Նրանք այստեղ հանդիպումներ են ունեցել պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, կրոնական խմբերի առաջնորդների հետ եւ շատ լավ տպավորություն ստացել մեր ազգի, մեր հայրենիքի մասին։ Եվ սա, կարելի է ասել, ամփոփումն է այդ հանդիպումների։ Ֆորումի ընթացքում պատերազմի դադարեցման եւ խաղաղության հաստատման կողմնակիցների ստորագրություն է լինելու։ Լավ կլիներ, որ այդ ստորագրությունը ամբողջ ազգովի անեինք՝ հանրաքվեի պես, որ մենք դեմ ենք պատերազմին, որ մենք խաղաղության կողմնակից ենք»։
Սեպտեմբերի 17-18-ը Սեուլում անցկացվել է խաղաղության մեծ կոնգրես, որին Հայաստանից մասնակցել և ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ անձամբ է մասնակցել խաղաղության հռչակագրի մշակմանը.
«Փաստաթուղթն ունի 10 հոդված, որի 4-րդ հոդվածը տարածքային ամբողջականության մասին է, որ չի կարելի պետությունների վրա հարձակվել։ 5-րդ հոդվածն ինքնորոշման իրավունքի մասին է, իսկ 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ասում են, որ եթե ինքնորոշման իրավունքը կա, չի կարելի այդ խնդիրը լուծել ուժով։ Փաստաթուղթը լիովին համապատասխանում է հայ ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի հայության իղձերին»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման փաստաթուղթն անցկացնելու համար մեծ աշխատանքներ են տարվել։
Խաղաղության հռչակագիրը ստորագրել է ավելի քան 60 երկիր եւ 1 միլիոնից ավելի մարդ։