Ն. Զոհրաբյանին զարմացրել է նախարարի ոգեշնչվածությունը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց, որ չի հասկանում նրա ոգեշնչման պատճառը։ «Աղքատության մակարդակը 30 տոկոս է, Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկանների թիվը փողոցում, դա չի բերում վստահություն, որ աղքատությունը նվազել է»։ Նա նաեւ հետաքրքրվեց գործազրկության մակարդակով, ինչպես նաեւ՝ Խորհրդային տարիներին կուտակված, սակայն չվերադարձված ավանդներով։ «Այս հարցը դարձել է էպոպեա։ Նաեւ ուզում եմ հասկանալ՝ ստվերը քանի՞ տոկոս է, ի՞նչ քայլեր են արվել այն բացահայտելու համար։ Ես հասկանում եմ՝ կախարդական փայտիկ չունեք, կախարդական փայտիկ չունեին նաեւ մյուս Կառավարությունները, սակայն կարծում եմ՝ մենաշնորհների համար ոչ կախարդական փայտիկ է պետք, ոչ էլ հեծանիվ հորինել, ուղղակի պետք է բերել հարկային դաշտ, եւ մենաշնորհատերերի մենաշնորհները ձեռքի մեկ հարվածով փակել»։ Նախարարը նախ նշեց, որ ինքը բոլորովին էլ ոգեւորված չէ, ավելին՝ մտահոգված է առկա աղքատության ցուցանիշով. «Աղքատության հարցի լուծման բանալին տնտեսական աճն է։ Գործազրկության մասով ասեմ, որ այսօր 18 տոկոսի շրջանակում է, որը նվազման տենդենց ունի»։