Անհնարին է ստվերը բերել բյուջե. նախարար (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ իր աջակցությունն է հայտնում նրան, երբ դիտողություն արվեց Կառավարությանը, որի անդամները ուշացել էին ԱԺ նիստից. «Սա անհարգալից վերաբերմունք է, պարոնայք նախարարներ»: Ապա հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե 0.3 տոկոսով հարկային եկամուտները ավելանալու են, արդյոք դա չի՞ հակասում այն աղմկոտ ռեֆորմատոր ոգուն, որ ձեր ռեֆորմիստական կառավարությունը հայտարարել է ստվերի ու կոռուպցիայի դեմ. «Ինչպե՞ս եք դա անելու, եթե ունենք քառասուն տոկոսանոց ստվեր, որի մասին ձեր զեկույցում չհնչեց: Մենք գիտենք մեր բյուջեի հիվանդոտ տեղերը, իսկ բյուջեն քաղաքականություն է, իսկ դուք թվեր եք ներկայացնում, որոնք քաղաքական են: Ձեր ասած այդ թիվը նշանակում է ոչինչ չանել: Դուք նշեցիք 55տոկոսանոց պետական պարտք, ու դեռ 2 տոկոս էլ ավելանալու է: Իմ հաշվարկներով այն ավելի շատ է ավելանալու, իսկ եկող տարի կես միլիարդ է կազմելու վերցվելիք պարտքը: Ասում եք՝ ավելի դանդաղ աճ արտաքին պարտքի առումով, նախկինը երկրաչափակա՞ն էր աճում: Ի՞նչ տեմպեր եք նախատեսում, թեեւ մտել ենք արդեն ռիսկային գոտի»: Վարդան Արամյանը նշեց, որ անհնարին է ստվերը բերել բյուջե. «Որեւէ երկիր նման արդյունք չի ունեցել: Մեր գործողությունները պետք է լինեն համաչափ: 0.3 տոկոսով հարկային եկամուտների ավելացումը կլինի օրենսդրության ու վարչարարական գործիքակազմի շնորհիվ, ունենալու ենք լրացուցիչ մուտքեր, որոնք ստվերի արդյունքում են լինելու: Եթե ավելի շատ բացահայտենք ստվերը, ապա ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Պետական պարտքն այս տարի 5 մլրդ 849 մլն դրամ է, իսկ եկող տարի կլինի 6 մլրդ245 մլն դրամ: Այստեղ կա նաեւ փոխարժեք ազդեցություն: Եկող տարի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 56 տոկոս: Արտաքին հատվածի շոկ չենք ակնկալում, տնտեսական հետագա անկում չենք ակնկալում: Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում ենք ներառված»: Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ թուրքական լոլիկի, պանիրի մասին, ինչպես նաեւ՝ վիճակագրական տվյալների մասին. «Վիճակագրական թվերի ճշգրտությունը թեմա եղե՞լ է ձեզ մոտ, քննարկման ատարկա, դրանք ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են: Եկող տարի մեր մուտքերն ավելի քիչ են, քան մեր վերցրած պարտավորությունները: Մուտքերը 24 մլրդ-ով կավելացվեն, որը տասն անգամ ավելի քիչ է ու հուսահատեցնող»: Ի պատասխան Վարդան Արամյանը նշեց, որ ծանոթ չէ լոլիկի ու պանիրի թեմային. «Այստեղ միգուցե տնային աշխատանք ունենք անելու»: