Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտությունից հետո ես մեկուսանալու ցանկություն ունեի. Հիլարի Քլինթոն

Քաղաքականություն
clinton

ԱՄՆ նախագահական ընտրություններում մրցակից Դոնալդ Թրամփի հաղթանակը ճանաչելուց հետո Հիլարի Քլինթոնն առաջին անգամ երևացել է հանրությանը։ Նա պատմել է, թե որքան ծանր է ընդունել պարտությունը։ BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է նոյեմբերի 16-ին «Երեխաների պաշտպանության հիմնադրամի» հավաքի ժամանակ նրա խոսքերը։ Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո Քլինթոնն այնքան վատ վիճակում է եղել, որ նա մտածել է, որ այլևս երբեք տնից դուրս չի գա։ «Այս ընտրությունները շատ ամերիկացիների ստիպել են մտածել և վերարժևորել արժեքները»,- ասել է նա։ Հիլարի Քլինթոնն ստացել է ընտրողների մեծամասնության ձայները, այնուամենայնիվ, պարտվել է մրցավազքում, քանի որ մրցակցին զիջել է մի քանի առանցքային նահանգներում։ ԱՄՆ-ում գործող երկաստիճան ընտրական համակարգը թույլ չտվեց նրան հավաքել ընտրիչների բավարար քվեներ։ «Խոստովանում եմ, այստեղ ներկայանալն ինձ համար շատ դժվար էր,- անկեղծացել է Քլինթոնը։- Անցած շաբաթ պահեր են եղել, երբ ես ցանկացել եմ պարզապես լավ գրքերի հետ առանձնանալ ու երբեք դուրս չգալ տնից»։ Այնուհետ նա շարունակել է ընտրությունների թեմայով. «Ես գիտեմ, որ ձեզնից շատերը խորապես հիասթափված են ընտրությունների արդյունքներից։ Ես էլ այնքան, որ չեմ կարող բառերով արտահայտել։ Եվ գիտեմ, որ անցած շաբաթվա ընթացքում շատերն են իրենց այս հարցը տվել՝ իսկապե՞ս Ամերիկան այնպիսին է, ինչպիսին, որ մենք ենք պատկերացրել»։ «Այս ընտրություններում պառակտումն այնքան ակնհայտորեն դրսևորվեց, իսկապես՝ խորը։ Բայց լսեք, թե ես ինչ կասեմ։ Ամերիկան արժանի է դրան։ Մեր երեխաներն արժանի են դրան։ Մի կորցրեք հավատը մեր երկրի նկատմամբ, պայքարեք մեր արժեքների համար, և երբեք մի՛ հանձնվեք»,- ասել է նա։ Մեկ շաբաթ առաջ իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալով և ճանաչելով իր պարտությունը՝ Հիլարի Քլինթոնն ասել է, որ պետք է հնարավորություն տալ Դոնալդ Թրամփին ղեկավարել պետությունը։ Դրանից հետո նա չէր շփվում մամուլի հետ և չէր ներկայանում հանրությանը։ Մի անգամ նրան այգում զբոսնելիս էին տեսել։ Ամերիկյան ԶԼՄ-ներին հասանելի էր դարձել նրա հեռախոսային զրույցի մանրամասները, որտեղ իր պարտության համար Քլինթոնը մեղադրում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին։ Վերջինս նախընտրական թեժ պահին Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի գործով նոր հետաքննություն սկսելու մասին էր հայտարարել։ Դրանից հետո հատկապես թուլացան նախկին պետքարտուղարի դիրքերը Դոնալդ Թրամփի հետ մրցապայքարում։