Ոստիկանապետի փեսա. «Իմ գումարները գնալով նվազել են, երբ պաշտոնի եմ եղել ՀՀ-ում» (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ժխտում է, որ ինքը ԱՄՆ-ում դղյակներ ունի. «Փաստաթղթեր կարող եմ տալ բազմաթիվ, որ 38 Արթուր Գեւորգյան անունով տուն կա ԱՄՆ-ում։ Եթե իմն են, ես ձեզ հյուր եմ հրավիրում։ Միգուցե հուշեք այդ մարդկանց գնան այդ հասցեով, միգուցե Գեւորգյան Արթուրը տանը լինի»։ Բռնցքամարտիկ պատգամավորը համոզված է՝ մարդիկ ուղղակի նախանձում են իրեն. ինքը 20 տարի մեծ սպորտում է եղել, ստացել մեծ գումարներ։ Իրավիճակը փոխվել է, երբ նա դարձել է պաշտոնյա՝ Դավիթաշեն համայնքի ղեկավար, ապա՝ պատգամավոր. «Իմ գումարները գնալով նվազել են այն օրվանից, երբ ես պաշտոնի եմ եղել ՀՀ-ում, քանի որ ղեկավարում եմ Բռնցքամարտի ֆեդերացիան, կամա թե ակամ հսկայական ծախսեր են առաջանում՝ բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհին դնելու համար»։ Արթուր Գեւորգյանը, որը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսինն է, պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով եւ հույս ունի նույն կերպ ընտրվել նաեւ հաջորդ ընտրություններում։ Երբ նրան հիշեցրին, որ նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգ չկա, նա հակադարձեց. «Դուք ուսումնասիրեք այդ համակարգը եւ կհասկանաք, որ դա ավելի շատ մեծամասնական է, քան համամասնական։ Երբ քո անվան դիմաց են քվեարկում, դա ինչ է, եթե ոչ մեծամասնական ընտրակարգ»։ ԱԺ միջանցքներում թեժ քննարկվում էր նաեւ Վանաձորի ավագանու 18 անդամների բոյկոտը, որոնք չեն ընդունում ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին՝ որպես նորընտիր քաղաքապետ։ Ի պաշտպանություն նրան՝ ՀՀԿ-ական երիտասարդները որոշել են բողոքի ակցիա իրականացնել։ «Խաղաղ, առանց զենքի ցույցեր են, նորմալ է. թող ՀՀԿ-ն ցույց անի ու դա ՀՀ-ում կլինի առաջին դեպքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր է մի քաղաքում ու այնտեղ ցույց է անում»,- նշում է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի ղեկավար «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամները եւս բոյկոտել են նիստերը։ Արդյոք բողոքի ակցիա նախաձեռնած ՀՀԿ երիտասարդները արդյունքի կհասնեն. «Թող ցույցը անեն, տեսնենք. կարող է՝ ցույց անեն, մենք ազդվենք էդ ցույցից»։ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Մամիկոն Ասլանյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա չունի ավագանու մեծամասնության վստահությունը, որոնք էլ բոյկոտում են նիստերը։