Անօրինականությունը՝ օրենքո՞վ. թեժ բանավեճ՝ 1000 դրամի շուրջ (տեսանյութ)
«1000 դրամների ֆոնդի նախագիծը հենց հիմքից անօրինական է»,-այսօր Մեդիա Կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա խոսքով՝ նախագիծն ուղղակի դիպչում է մարդու սեփականությանը. «Աշխատավարձը մարդու ֆինանսական սեփականությունն է։ Որևէ մեկը, բացի սեփականատիրոջից, չի կարող տնօրինել այն։ Սա շատ նման է նրան, երբ պետության կարիքների անվան տակ Հյուսիսային պողոտայի բանկիչներից խլեցին իրենց տները, թեև իրականում բիզնես շահեր կային այդտեղ։ Գումարի չափը կապ չունի, ոչ էլ այն, թե ում են ուղղվելու այդ գումարները։ Պետությունն ուղղակի ասում է՝ ես ուժ ունեմ, ապօրինի քո անձնական սեփականությունը կարող եմ տնօրինել։ Կարծում եմ՝ հասարակության մեծագույն զայրույթը առաջացել է հենց այդ պատճառով»։ Տիկին Խառատյանը նշեց, որ մինչ այս պահը ժողովուրդը բարոյապես միշտ ինքնակարգավորվել է եւ օգնել բանակին, սակայն հիմա նման նախագծով կարող է դա խաթարվել, որովհետւ իշխանության ձեռնարկած ցանկացած ծրագիր մեծ կասկածի տակ է դրվում հասարակության կողմից։ Քննարկմանը ներկա ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վստահության պակասը շատ հարաբերական է. «Եթե չկա վստահություն, ուրեմն պետք է խնդիրը չլուծե՞նք։ Սպասենք՝ անցնի եւս մի հինգ տարի, կորոշենք, որ վստահությունը արդեն բավարար է, նո՞ր կիրականացնենք։ Դա մերժելի է»։ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հակադրվեց Հրանուշ Խառատյանին՝ նշելով, որ նախագիծը բխում է օրենքի դրույթներից եւ չի խախտում Սահմանադրությունը։ Սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, թե քաղաքացին միայն երկու պարտականություն ունի. «Հարկեր, տուրքեր վճարել եւ բանակում ծառայել, մնացածը իրավունքներ են։ Սա հարկ է, ուստի պետությունը ասում է, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է բարեգործություն անել։ Այսինքն՝ անօրինականությունը օրենքով ամրապնդվում է։ Իսկ ինչու՞ չեն բարձրացնում հարկերը, որովհետև դժգոհություն կլիներ հարկերի հետ կապված»։ Մանրամասները՝ տեսանյութում