Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքից անցավ 2 տարի

Քաղաքականություն
uxxatiri-odachuner

2014թ.-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինուժի կողմից խոցվեց ԼՂՀ ՊԲ ռազմական ՄԻ-24 ուղղաթիռը: Ուղղաթիռի խոցումից հետո ԼՂՀ ՊԲ ու ՀՀ ՊՆ տարածեցին հաղորդագրություն, որի համաձայն՝ ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում էր, որ հայկական ուղղաթիռը հարձակվել է իրենց դիրքերի վրա, որից հետո իրենք կրակ են բացել և խոցել այն: Հակառակորդը հայտարարությունից հետո համացանցում նաև տարածել էր ուղղաթիռի խոցման տեսանյութը, որում պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի հայտարարությունն իրականության հետ աղերս չունի: Տեսանյութում հստակ երևում էր, որ հայկական երկու ուղղաթիռները ադրբեջանական դիրքերին սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ադրբեջանական բանակի զինծառայող Իլկին Մուրադովը «Իգլա» տեսակի հրթիռով խոցում է ուղղաթիռներից մեկը: «Իգլա» տեսակի հրթիռի արձակման առավելագույն արագությունն ու հեռավորությունը համադրելով մասնագետները ապացուցել են, որ ուղղաթիռը չի հատել ադրբեջանական սահմանը և գտնվել է չեզոք գոտում։ uxxatiri-xocum ԼՂՀ ՊԲ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվեցին անձնակազմի բոլոր անդամները՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Ադրբեջանական կողմը դեպքից հետո շուրջ տասը օր կրակահերթի տակ էր պահում ուղղաթիռի խոցման տարածքը, որպեսզի հայկական կողմը չկարողանար դուրս բերել զոհված օդաչուների մարմինները, սակայն նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դին ու մասունքները և ուղղաթիռի սև արկղերը: uxxatiri-hatuk-gorcoxutyun ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքից հետո միջազգային մի շարք կառույցներ հանդես եկան երկու կողմերի միջև խաղաղության հաստատման կոչերով, իսկ Ադրբեջանի մի շարք պաշտոնյաներ իրենց պաշտոնական հայտարարություններում նշում էին, որ Հայաստանի կողմից հետագա սադրանքների դեպքում դարձյալ շարունակելու են գործողություններ իրականացնել և ուղղաթիռներ խոցել: Այս պահին էլ սահմանին իրավիճակը պարբերաբար լարվում է. ադրբեջանական կողմը չի դադարում սադրանքները։ Վերջին հաղորդագրությունները վկայում են՝ Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառում է ականանետեր, հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ: