Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե սկսեցի զբաղվել «Ասպարեզ» ակումբով, ձեզ համար լավ չի լինի». համայնքապետ (տեսանյութ)

Հասարակություն
Aspa8ez

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իրականացրել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության եւ մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկում: Ծրագրի շրջանակներում հարցեր են ուղարկվել արդեն խոշորացված 896 համայնքներին՝ համայնքի բյուջեի հրապարակման, քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, համայնքապետարանի աշխատակիցների թվի, նրանց աշխատավարձերի, կատարած գներումների, դրանց գների եւ այլ տեղեկությունների հրապարակման վերաբերյալ: Ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքերով, ըստ այդմ՝ թափանցիկության ամենաբարձր ցուցանիշը մարզերից գրանցվել է Լոռիում, իսկ ամենացածրը՝ Արագածոտն եւ Արմավիր համայնքներում: Հանրապետության 896 համայնքներից հարցմանը առհասարակ չի պատասխանել 586 համայնք կամ համայնքների 66 տոկոսը: Համայնքներից 74- ը պատասխանել է, որ կատարում է օրենքի պահանջը, եւս 74-ը պատասխանել է, որ մասնակի է կատարել օրենքի պահանջը: 18 տոկոսը պատասխանել է, որ չի կատարել պահանջը: Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ հարցմանը մասնակցել են համայնքների մոտ 18 տոկոսը, այս տարի հարցումներին մասնակցել է համայնքների 35 տոկոսը: «Անգամ Արագածոտնի մարզում համայնքապետ է եղել, որը պատասխանել է, թե ինքը նախկինում դատախազ է եղել եւ պատասխանել է, թե գիտի, որ պարտավոր է պատասխանել, սակայն չի պատրաստվում դա անել: Ավելին, ասում էր, եթե սկսեցի զբաղվել «Ասպարեզ» ակումբով՝ ձեզ համար հեչ լավ չի լինի»,-ասաց Լ. Բարսեղյանը: Նրա խոսքերով, որոշ համայնքներից անգամ դժգոհություններ են եղել տեղեկատվության տրամադրման շուրջ. «Անգամ քննարկումներ են եղել մարզպետարաններում, օրինակ Արագածոտնում, Արմավիրի, նաեւ Սյունիքի մարզի որոշ համայնքապետեր դժգոհել են, թե՝ «այ մարդ, էս ինչ կրակ էր, հո ձեր ձեռքը կրակը չենք ընկել»: Մենք նրանց հիշեցրել ենք մի քանի պարտավորություններ, որ իրենք փայլուն կատարում են, օրինակ ավագանու նիստերը պարտաճանաչ հրավիրում են: Մենք նրանց հիշեցրինք, որ սա էլ է իրենց պարտականությունը, մենք նրանց  հարցրինք, թե ինչպես են ընտրում, որ պարտավորությունը կատարել, որը՝ ոչ»։ Քանի որ հարցումները կատարվել են մայիսի երկրորդ կեսին, չպատասխանած Արագածոտնի եւ Արմավիրի համայնքապետարաններից շատերը պատճառաբանել են, որ համայնքապետն ու համայնքապետարանի աշխատակիցները մեկնել են սահման, մինչդեռ՝ հակառակորդի հետ սահմանագիծ ունեցող Լոռիից հարցման մասնակցությունն ամենաբարձրն է եղել: