Գռեհիկ սոցիալիզմի դրսևորում. տնտեսագետը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին (տեսանյութ)
«Պետությունն իրավունք չունի փայ մտնել բիզնեսին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊԵԿ ղեկավարի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին: «Երեկ նա ասաց, որ պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսի, եւ այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Սա շատ վտանգավոր երևույթ է, գռեհիկ սոցիալիզմի դրսևորում է»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ կերպ փորձում են խաթարել մասնավոր բիզնեսի անձեռնմխելիությունը: «Ըստ էության, կառավարության նոր անդամները եկել են բիզնեսից: Բիզնեսից եկող մարդիկ սկսել են պետական չինովնիկի դիրքորոշմամբ նայել բիզնեսին, ինչը մտահոգիչ է»,-ասաց նա: Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ 2017 թվականի բյուջեին՝ նշելով, որ 2016-ի համեմատ՝ այստեղ ունենք հետընթաց: «Այն զիջում է այս տարվա բյուջեին՝ իր բոլոր պարամետրերով, առաջին հերթին՝ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսմամբ»,-նշեց նա: Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ պետական պարտքը մոտենում է 6 միլիարդի, եւ դա փակելու համար մենք ստիպված ենք կրկին պարտք վերցնել: «Փակ շրջանի մեջ ենք: Մեզ պահում ենք վատ վարկառուի պես, որը անընդհատ վարկեր է վերցնում, չի կարողանում մարել դրանք, տունն է գրավ դնում, մեքենան, հետո այլևս ոչինչ չի մնում գրավ դնելու»: Ինչ վերաբերում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, ապա Վահագն Խաչատրյանը կարծում է, որ դա միմիայն քաղաքական դրդապատճառ ունի: «Ընտրություններից առաջ փորձում են ժողովրդին ցույց տալ, որ ինչ-որ բան են անում»,-եզրափակեց նա: