Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. զեկույց
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում ամփոփ ներկայացված է Հայաստանի սոցիալական վիճակը և կենսամակարդակը: 2015 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008 թ. մակարդակը 0.4 տոկոսային կետով, իսկ աղքատության վերին գծում՝ աղքատության մակարդակը 2.2 տոկոսային կետով բարձր էր 2008-ի համեմատ: Միաժամանակ ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը, 2008 թ. համեմատ, իջել է 2.2 տոկոսային կետով: Զեկույցում ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2015 թթ. ժամանակահատվածում: Սա տասնյոթերորդ հրապարակումն է ՀՀ ԱՎԾ-ի ամենամյա համանուն զեկույցների շարքում: Զեկույցում ներկայացված են ՀՀ ԱՎԾ-ի կողմից իրականացված 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները: Զեկույցում օգտագործվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների տրամադրած տվյալները, և այն կազմվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ: Աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում որպես բարեկեցության ցուցանիշ օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին քան եկամուտները, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: 2015թ.-ին աղքատության վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ գծերը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար) , 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար): Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ