2017թ. 10 տոկոսով վատ ենք ապրելու. տնտեսագետ
2017թ. պետական բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից որեւէ լուրջ արդյունք ակնկալել չենք կարող: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը. «Տարին կփակենք դեֆլյացիոն միտումներով եւ 2017թ. կսկսենք 1.4 տոկոս ինֆլյացիայով: Եկող տարի տասը տոկոս քիչ ենք սպառելու՝ 2013թ. համեմատ: Սա բացասական միտում է ու ցույց է տալիս, որ մեր բնակչությունը ավելի վատ է ապրելու: Մարդիկ կամ անցնելու են խնայողական ռեժիմին, կամ գումար չեն ունենա սպառելու: Վերին հարուստներին դա քիչ է առնչվելու: Նման ցուցանիշին նպաստել է մարդկանց արտահոսքը, տնտեսապես ակտիվ բնակչության նվազումը, որոնք արդյունք էին ստեղծում, զբաղվածության ցուցանիշների կրճատումը»: Վիլեն Խաչատրյանը միակ դրական միտումը համարում է արտահանման ծավալների բարձրացումը. «Սա նպաստավոր է ԿԲ համար, որի պահուստները այդ պարագայում աճելու են»: Տնտեսագետն ընդգծեց, որ պետական բյուջեի 8.8 տոկոսը ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը. «Եկող տարի կհատենք 6 մլրդ դոլարի սահմանը: Ամենայն հավանականությամբ պարտքի շեմը ԱԺ միջոցով կբարձրացնեն՝ դարձնելով ՀՆԱ-ի նկատմամբ 70 տոկոս, այժմ այն կազմում է 60 տոկոս, որ հետագայում կարողանան էլի պարտքեր ներգրավել»: Ի դեպ, ՀՆԱ-ի նկատմամբ հիսուն տոկոսանոց շեմի անցման դեպքում պարտքի սպասարկումը դառնում է ռիսկային: Այս տարին ՀՀ-ն կփակի 54.5 տոկոսանոց պետական պարտքով: Վիլեն Խաչատրյանը նաեւ նշեց, որ դրական է, երբ դեֆիցիտը 150 մլն-ի է իջեցվել, եկամուտները աճել են, ծախսերը՝ կրճատվել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած դեֆոլտի մասին նա նշեց, որ կլինի ընդամենը տեխնիկական դեֆոլտ պետական պարտքի սպասարկման մասով, որն էլ կլուծվի ԱԺ-ի միջոցով: