Այսօր Սոցիալական աշխատողի օրն է. ուղերձ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Անշուշտ, դժվարին և պատասխանատու առաքելություն է վերապահված ձեզ, քանզի առնչվում եք մեր հասարակության առավել զգայուն խավերի հետ: Ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ, ինչն իր հերթին սոցիալական աշխատողից պահանջում է խիստ նրբանկատ ու ընդգծված հոգատար վերաբերմունք: Տոնական այս առիթով ուզում եմ Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մեր վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ ու բազմազավակ ընտանիքների, տարեցների ու, ընդհանրապես, ձեր աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։ Համոզված եմ, որ նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, բարեխիղճ աշխատանքով ու հոգատար վերաբերմունքով կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը: Ամենայն բարիք, քաջառողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին: ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ