Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ից ՌԴ արտահանման թուրքական հետքը

Քաղաքականություն
iqm

Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 70 տոկոսային կետով: Սակայն այս աճը էական աշխուժացում ՀՀ տնտեսության մեջ չի մտցրել։ Եկեք քննարկենք, թե ինչպե՞ս, ի՞նչ ապրանքների հաշվին և ի՞նչ հանգամանքներում է այսպիսի աճ ստացվել: Նախ և առաջ սկսենք այն հանգամանքից,որ նշած 70% աճը գրանցվել է նախորդ տարվա կտրուկ կրճատման ֆոնին: 2015թ. ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կատարվող արտահանումը նվազել է՝ հասնելով մինչև 256.2 մլն դոլարի 2014 թ. 324.6 մլն դոլարի համեմատությամբ:Ուստի գրանված այս աճը մասամբ կարելի է որակել վերականգնողական աճ նախորդ տարվա անկման ֆոնին:Սրա մասին է վկայում այն, որ 2014թ. հունվար-հուլիսին, երբ Եվրասիական տնտեսական միությունը դեռևս չէր գործարկվել, ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 174.1 մլն դոլար՝ 2016թ. 205.4 մլն դոլարի համեմատությամբ,ինչը նշանակում է,որ ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ դրա ձևավորման պահից սկսած ավելացել է ընդամենը 18%-ով: Սակայն անգամ այդ 18 տոկոսանոց աճն էլ «մութ» հիմքեր ունի: Արդ փորձենք հասկանալ, թե որ ապրանքատեսակների արտահանումն է  իրականում ավելացել և ո՞վ է իրական արտահանողը: «Անհասկանալի» թվեր Եթե փորձենք գտնել այն հարցի պատասխանը,թե ինչ ապրանքների հաշվին է տեղի ունեցել արտահանման այսպիսի կտրուկ աճը:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն արտահանման աճ տեղի է ունեցել այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գծով Հայաստանն ինքը հանդիսանում է ներմուծող երկիր և որոնց արտադրությունը Հայաստանում ոչ այնքան մխիթար վիճակում է:Մասնավորապես, 2015թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2016թ. առաջին կիսամյակում ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է  պանրի և կաթնաշոռի արտահանումը, ավելի քան 300% աճ է գրանցել խավիարի և պատրաստի ձկան արտահանումը:Նույն ժամանակահատվածում ավելի քան 9,6 անգամ աճել է պատվաստանյութերի արտահանումը,5,8 անգամ՝տարբեր բանջարեղենների, 8,3 անգամ՝ կավի, և 3,6 անգամ ջեռուցման համակարգերի,օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների և այլ սարքավորումների արտահանումը: Այս աճը խիստ զարմանալի է, քանի որ Հայաստանում այս ապրանքների արտադրության աճ տեղի չի ունեցել, իսկ որոշ ապրանքներ ընդհանրապես երբեք չեն արտադրվել: Ինչն էլ ավելի զարմանալի է, արտահանման ապրանքային կառուցվածքում հայտնվել են ապրանքներ,որոնց գծով ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ նախկինում գրեթե զրոյական է եղել: Ամենաակնառուն գործվածքների, կտորեղենի, տրիկոտաժի, տղամարդկանց և կանացի հագուստեղենի հոդվածների գծով (61 և 62  երկնիշ դասակարգման հոդվածներ) արտահանման ավելացումն է 21 մլն ԱՄՆ դոլարի չափով: Թուրքական պոչը Այս տվյալներից ավելի քան ակնհայտ է դառնում,որ արտահանման 70% աճը ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման,այլ արդյունք է Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման: Ինչպես գիտենք, 2015թ. ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում Ռուսաստանը էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների ներմուծման վրա,ինչի արդյունքում թուրքական ապրանքները դեպի Ռուսաստան իրենց ճանապարհը գտան Հայաստանի միջոցով: Իսկ դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող այնպիսի ապրանքների գծով, ինչպիսիք են օրինակ ծիրանը, դեղձը, մրգային հյութերը, գարեջուրը, հանքային ջրերը, բանջարեղենի որոշ տեսակները  և այլ նմանատիպ ապրանքները, արտահանման ծավալները նկատելիորեն կրճատվել են:            Ուստի և կարելի է եզրակացնել, որ ընթացիկ տարում Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման կտրուկ աճը մեծապես պայմանավորված է եղել ոչ թե եվրասիական ինտեգրացմամբ և Հայաստանի տնտեսության զարգացմամբ, այլ ստեղծված գեոքաղաքական իրավիճակով,և որևէ աղերս չունի Հայաստանի տնտեսության հետ:   Անդրանիկ Մանուկյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»