«Փոփոխություններն իրավիճակային են՝ ընտրություններին ընդառաջ». Լ. Ալավերդյան (տեսանյութ)
«Բյուջեի ծրագիրը համահունչ է կառավարության նոր ծրագրին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ բյուջեն կազմել են մեկ սկզբունքով. «Եղել է ձգտում՝ պահպանել եղած սոցիալական հատկացումները, շարունակել այն ծրագրերը, որոնք եղել են: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է՝ եթե չավելացնել սոցիալական հատկացումները, ապա գոնե չնվազեցնել դրանք, պահպանել այն, ինչ եղել է»,-նշեց նա: Քննարկմանը ներկա՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ չի հավատում կառավարության մեկնարկած փոփոխություններին. «Իհարկե, այն փոփոխությունները, որոնք արվում են, գոնե հոգեբանորեն հասարակության շատ փոքր զանգվածին կարող են լրիվ հուսահատությունից մի քիչ թեքել դեպի ինչ-ինչ սպասելիքներ: Բայց իրազեկված մարդիկ հասկանում են, որ ռեալ փոփոխությունների համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ անել»,-ասաց նա: Տիկին Ալավերդյանը չի տեսնում նոր հայեցակարգ կառավարության ծրագրում. «Նոր վարչապետն ավելի շուտ որպես մենեջեր է հանդես գալիս, քան որպես տնտեսագիտական նոր հայեցակարգ բերող անձ: Այս փոփոխություններն իրավիճակային են, այդ իսկ պատճառով հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, թե դրանք առաջիկա ընտրություններին ընդառաջ են արվում»: