Ֆինանսական հոսքերը՝ պետական կառույցներին. վարչապետի հանձնարարականները (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը, ավանդույթի համաձայն, այսօր կառավարության նիստը սկսեց հանձնարարականներով: Դրանց առաջին մասը վերաբերում էր ճանապարհատրանսպորտային ոլորտին: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ոստիկանությանը՝ համագործակցելով արդարադատության եւ ֆինանսների նախարարությունների հետ՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը և կառավարումն անցնեն պետական կառույցներին: Վարչապետը նաև հանձնարարեց ֆինանսների ու արդարադատության նախարարներին աջակցել Երևանի քաղաքապետին՝ բանակցելու «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները և ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումը և տնօրինումն անցնեն համայնքային կառույցներին: Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին էլ հանձնարարեց մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգ. «Ներկայացնել առաջարկություն երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված անհրաժեշտ որակական նոր մեխանիզմների ներդրման վերաբերյալ»: Ըստ վարչապետի հանձնարարականի Արդարադատության նախարարն էլ պետք է 25 օրվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: