«Դժվար իրականանալի է 3,2 % տնտեսական աճի խոստումը» (տեսանյութ)
2017 թ. բյուջեն նույն համամասնությունը, նույն տրամաբանությունը ունի, ինչ վերջին մի քանի տարվա բյուջեներն ունեին, եւ կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը բյուջեում նաեւ բացասական միտում է նկատել՝ պետական պարտքի սպասարկմանը հետզհետե ավելի մեծ գումարներ են ուղղվում: Եթե 2016 թ-ին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել էր մոտ 100 մլրդ դրամ, ապա 2017-ին 119 մլրդ դրամ է։ «Դա օբյեկտիվ փաստերով է պայմանավորված, մեր վարկային պարտավորություններն են, ներքին պարտքի սպասարկումն է, գնալով ավելի մեծ մասնաբաժին ենք տալիս բյուջեից պետական պարտքի սպասարկմանը, ինչը բացասական միտում է եւ քիչ թե շատ օբյեկտիվ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը: Նրա խոսքերով՝ բյուջեում նաեւ դրական միտում կա: Գործադիր եւ օրենսդիր մարմինների հատկացումների մեջ մոտավորապես 10 մլրդ դրամի նվազում կա, ինչը կարելի է դիտարկել որպես ուռճացված ծախսերի կրճատում: Տնտեսագետը նաեւ դժվար իրականանալի խնդիր է տեսնում 3,2 % տնտեսական աճի ցուցանիշի ապահովման հարցում, ինչը խոստանում է նոր կառավարությունը: