ՀԽ-ն կրկին իշխանափոխություն է խոստանում. մշակվում է ճանապարհային քարտեզը (տեսանյութ)
«Հայաստանում ունենք իշխանափոխության խնդիր, քանի որ այսօրվա իշխանությունը դեմ է գնում պետությանը»,- ասում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Երկրի ինքնիշխանության խնդիրը, Արցախի ներկա Սահմանադրական սահմաններով Հայաստանին միավորումն ու կենսունակ երկիր ունենալու խնդիրները չլուծելու պարագայում Հայաստանը կմնա լուրջ մարտահրավերների առաջ: Իրավիճակից ելքը Ալեք Ենիգոմշյանը տեսնում է իշխանափոխությամբ: Ըստ նրա՝ միայն այս երեք խնդիրները լուծելու դեպքում կարելի կլինի ասել, որ Հայաստանը ինքնիշխան ու կայուն երկիր է: Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերի համակիրները ներկայացնում են ճանապարհային քարտեզ, որը պետք է տանի այս լուծումներին. «Ծրագիրը այժմ դրված է քննարկման, բոլոր քաղաքացիները կարող են իրենց առաջարկներն անել: Այդ բոլորը քննարկելուց հետո հաշվի կառնվեն բոլոր առաջարկները: Առաջարկները կարող են ուղարկվել Սասնա ծռեր խմբավորում ֆեյսբուքյան էջին»: Առաջին փուլի՝ իշխանափոխության իրականացման համար տրամաբանական չի համարում ժամկետներ նշելը. «Կախված է ժողովրդի ներգրավումից, արտերկրի հայրենակիցների ներգրավումով: Անցումային փուլում երբ իշխանությունը փոխված կլինի, էական պետք է լինի արտասահմանում ապրող հայրենակիցների աջակցությունը»: Պարոն Ենիգոմշյանը հորդորում է մոռանալ Հայաստանում իշխանություն փոխելու հնարավորության մասին. «Վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրությունները կեղծվելու են, երբ ժողովրդավարական միջոցով հնարավոր չէ ժողովրդի քաղաքական կամքն իրականացնել, ժողովրդի իրավունքն է իրականացնել ընդվզումը: Այն իր մեջ ներառում է բոլոր օրինական հնարավոր ձևերը նպատակին հասնելու համար»: Սասնա ծռեր շարժումը, չնայած իր հետևից տարավ ժողովրդական լուրջ զանգվածների, այնուամենայնիվ, չհանգեցրեց իշխանափոխության. «Եթե այս ամենը չբերեց վերջնական հանգուցալուծման, դա չի նշանակում, որ պետք է չգնալ այս ուղիով»: Ժիրայր Սեֆիլյանը ևս կողմ է Հիմնադիր խորհրդարանի ներկայացրած իշխանափոխության ծրագրի հետ. «Նշված փաստաթղթի տակ կա դրված ստորագրություն նրա կողմից և այն ներկայացնում է նաև Ժիրայր Սեֆիլյանի կամքը»: Ալեք Ենիգոմշյանը խոսում է նաև նոր վարչապետի նշանակմանը: Նա չի համարում, որ Կարեն Կարապետյանի նշանակումը Սասնա ծռերի գործողության արդյունքում է եղել. «Գործող կառավարությունը գաղութացումը նոր ձևով է անում: Եթե խնդիրները լուծվեն, մենք կհամարենք, որ բավարարում է մեզ: Պետք է լինի մարդու իրավունքների երաշխավորում և դատարանների անկախություն, կոռուպցիայի վերացում և գործակալազերծում»: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է վերանայի նաև իր արտաքին քաղաքականությունը. «Պետք է դրվի ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը և սերտանան ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները: Այս հարցերի լուծումը կբերի ապագաղութացման և ինքնիշխանության վերականգնման»: