Տ. Ուրիխանյանը հետաքրքրված է նախագահականից հատկացվող գումարներով (տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումներին ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, հետաքրքրվեց՝ արդյոք արդարացնո՞ւմ են իրենց ՀԿ-ներին տրված հատկացումները, եւ արդյոք արդյունավե՞տ է գործում Սերժ Սարգսյանի աշխատակազմին կից գործող՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի աշխատանքները միգուցե հանրության համար տեսանելի չեն իրականացվում, սակայն շատ կարևոր աշխատանք են կատարում. «Հատկապես արտաքին տեղեկատվական մարտահրավերներին արձագանքելու իմաստով ՊՈԱԿ-ի աշխատանքները շատ կարեւոր են: Մեր երկրի հետ կապված տարբեր ապատեղեկատվության տարածման դեպքում ՊՈԱԿ-ը շատ արդյունավետ է աշխատում: Ես հասցրել եմ երկու անգամ լինել ՊՈԱԿ-ում ու խոսել եմ աշխատակիցների հետ՝ շատ դինամիկ ու երիտասարդ թիմ է հավաքված, որոնք շատ մեծ ավյունով են աշխատում»: «Շնորհակալություն, պարոն Գեւորգյան, ես վստահ եմ, որ դուք առավել մեծ վերահսկողության տակ կպահեք ՊՈԱԿ-ի աշխատանքները»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը: Զեկույցի ներկայացումից հետո Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ եթե ԱԺ հատկացումները կրճատվում են՝ պայմանավորված առաջիկա ընտրությունների անկանխատեսելի արդյունքներով, արդյոք նախագահականին հատկացվող ծախսերը եւս չպե՞տք է կրճատվեին. «Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ նախագահի ինստիտուտը լիարժեք թափով աշխատելու է մինչեւ 2018թ.»: Ճեպազրույցը՝ ստորև