Ում է պետք «միակ» ընդդիմության կռիվը (տեսանյութ)
Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ խորհրդարանական ընտրություններում իշխանությանն իրական հակակշիռ լինելու համար։ «Միայնակ գործող քաղաքական ուժերը կարող են լրջագույն խնդիրներ ունենալ ամբողջ հանրապետության մակարդակում, երբ ստիպված են լինելու իրենց առանց այն էլ նվազ ռեսուրսները բաշխել ամբողջ հանրապետության տարածքով»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիրների միավորումը պետք է ունենա գաղափարական հիմք, հստակեցված պիտի լինեն մոտեցումները կարևորագույն հարցերի շուրջ։ Հակառակ պարագայում դրանք դատապարտված են տապալման։ «Արդյոք այդ քաղաքական ուժերը կիսում են արտաքին ու ներքին քաղաքականության առանցքային այն դիրքորոշումները, որոնք հենց այլընտրանք են գործող իշխանությանը։ Որովհետև, եթե պետք է շարունակաբար պնդեն, որ Հայաստանը պետք է մնա ԵՏՄ-ում, եթե պիտի պնդեն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հենվի ոչ-ոչ-ի վրա, ուրեմն այս դեպքում խնդիր է»,- նշում է քաղաքագետը։ Ընդդիմադիրները միասնական էին նաև 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ ՀԱԿ-ի շուրջ համախմբվել էին տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որպես մեկ ընդդիմադիր ուժ՝ ներկայացան նաև «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։ Ազգային ժողով մտնելուց հետո նրանք դադարեցին միասնական հանդես գալ։ «Ցավոք սրտի այդ դաշինքները լավագույնս ցույց տվեցին, որ ուղղակի դրանք կայացվել են խորհրդարանում ներկա լինելու համար՝ անտեսելով այն կարևոր խնդիրները, որոնց շուրջ պետք է համաձայնություններ լինեին։ Այսպիսի խնդիրներից խուսափելու միակ ձևը՝ հավաքել այնպիսի մարդկանց, որոնք նման վարքագիծ չեն ցուցաբերի»,- ասում է Ստեփան Սաֆարյանը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ավելորդ է համարում խոսել մեկ ընդդիմություն գաղափարի մասին։ Նրա դիտարկմամբ՝ ազատ ընտրությունների բացակայության պայմաններում ընդդիմադրի կեցվածքով հանդես եկող ուժերը միայն օգնում են իշխանությանը վերարտադրվել։ «Շատ եմ կասկածում, որ կուսակցությունների մեծ մասին ընդհանրապես հետաքրքրում են ազատ ընտրությունները։ Ոչ, այս ոճը ավելի է ձեռնտու, ինչու գնաս ընտրությւոնների, 3 տոկոս ստանաս, եթե կարելի է գնալ ինչ որ փոխհատուցման, այլ ծառայություն մատուցել, և ստանալ ապահոված տեղեր»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Միակ ընդդիմությունը լինելու մասին բանավեճերը տեղավորվում են իշխանության սահմանած կանոնների շրջանակում։ «Դա իզուր չի, դա էլ նույն հանրությանը ներկայացնելու համար է, որ տեսեք բոլորն այսպես են, բայց միայն ես եմ, որ ընդդիմադիր եմ և բոլոր ձայները տվեք ինձ։ Այսինքն՝ ռեժիմին ամենամեծ ծառայություն կատարողն է, որ երկու տեղ ավել ստանա»,- նշում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը կսկսեն սպասարկել քաղաքացիների շահերը, եթե այդպիսի պահանջ ներկայացնեն քաղաքացիները։ Մանրամասն՝ տեսանյութում