Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանությունները ճիշտ աշխատեն, ներդրումներն այստեղ էլ կհոսեն» (տեսանյութ)

Տնտեսություն
vzeb-nkar

«Մոնոպոլիաները խոչընդոտ են Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- ասում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։ Նրա գնահատմամբ՝ Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտում են նաև հարկային ոլորտում առկա կարգավորումները, որոնք սահմանափակում են նոր ընկերությունների մուտքը տնտեսության ճյուղեր։ Ի՞նչ ճանապարհ է նա տեսնում մոնոպոլիաների դեմ պայքարի, հարկային ոլորտում առկա խնդիրները կարգավորելու համար։ «Հաջողության հասնելու համար պետք է նախ դաշտը մաքրել։ Դա անելու համար կարևոր է քաղաքական գործոնը՝ պետք է ձեզ թույլ տան մաքրում իրականացնել»,- ասում է նա։ Մարկ Դեյվիսը պնդում է՝ ՎԶԵԲ-ն ունի համապատասխան հնարավորություններ՝ Հայաստանի կառավարությանն աջակցելու համար՝ նման խնդիրները կարգավորելու համար։ «Դրա համար միայն ժամանակ է անհրաժեշտ, ամբողջ գործիքակազմն ունենք։ Սա ինստիտուցիոնալ լուծումների համակարգ է»։ Մարկ Դեյվիսը բարձր է համարում Հայաստանի տնտեսության մրցունակությունը, սակայն նկատում է՝ ներդրումներ այստեղ քիչ են գալիս. «Չնայած ձեր այդ առավելությանը, ներդրումները գալիս են ոչ թե Հայաստան, այլ հարևան Վրաստան։ Եթե իշխանությունները ճիշտ աշխատանքներ տանեն, ներդրումներն այստեղ էլ կհոսեն»։ Նա նաև նկատում է՝ տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն առանձնանում են բիզնես-գրավչության առումով։ Ի դեպ, ՎԶԵԲ-ի ու ԵՄ աջակցությամբ 3-օրյա ֆինանսական վերապատրաստումներ են անցել հայաստանցի ֆինանսիստներ, ՓՄՁ ներկայացուցիչներ։