PS ռետրո. Սերգեյ Բադալյանը ոգևորված է ռուսական կործանիչներով (տեսանյութ)
Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը Ամերիկային եւ Մեծ Բրիտանիային մեղադրում է քիմիական զենք ունենալու պատրվակով Իրաքը ռմբակոծելու մեջ. «Սա տեռորիզմի արտահայտություն է, դրսեւորում է, սա ագրեսիա է, սա բանդիտիզմ է համաշխարհային մակարդակով»: Ռմբակոծելուց առաջ, ըստ նրա, գուցե հարցնեի՞ք իրաքցի ժողովրդի կարծիքը: Ինքը պատրաստ է բողոքել, պատրաստ է օրինագծեր ներկայացնել իրաքցի ժողովրդի փրկության համար, բայց իշխանությունները կմերժեն մեկ պատրվակով. «Գիտե՞ք ինչ, ամերիկացիները մեզ չեն հասկանա»: Ի՞նչն է Հայաստանի իշխանություններին կապում ամերիկացիների հետ,-կոմունիստ պատգամավորը չգիտի: Ինքն էլ չի սիրում Սադամ Հուսեյնին: Այս բռնակալը բազմաթիվ կոմունիստների է գնդակահարել. «Բայց բոլոր դեպքերում կան միջպետական հարաբերություններ»: Ամերիկայի նախագահ Բիլ Քլինթոնին պատուհասած Մոնիկա Լեւինսկու շուրջ աղմուկը մեղմելու հետ այս ռմբակոծությունները, համենայնդեպս, ըստ Սերգեյ Բադալյանի, կապ չունեն. «Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ոտքի է կանգնում: Ինձ թվում է, որ սա ինչ-որ տեղ ուժի գործադրում է ոտքի կանգնող Ռուսաստանի դեմ»: 1999-ի գարնանը այս մարդը կանխատեսում է՝ առաջիկա տասնամյակներում Ամերիկան մխրճվելու է սեփական անլուծելի խնդիրների մեջ: Բայց ինքը պատրանքներ չունի, թե դա մեզ կվերադարձնի Խորհրդային Միությունը. «Մեր, ցավոք սրտի, միակ դաշնակիցը, իրական դաշնակիցը Ռուսաստանն է»: Այդ օրերին Ռուսաստանը Հայաստան էր բերել մի քանի կործանիչ եւ դա շատ է ոգեւորել կոմունիստ պատգամավորին, աշխարհի շատ երկրներ կան, որոնք մեր լավը չեն ուզում ռուսների պատճառով. «Ձգտումը այն ուղղությամբ է տարվում, որ Ռուսաստանը դուրս մղվի այստեղից, եթե Ռուսաստանը դուրս մղվի, որոշ միամիտ ես կասեի չակերտներում քաղաքական գործիչներ, կարծում են, որ այն ժամանակ մենք Արեւմուտքի ոտքի տակ կգտնվենք: Բայց էդ դեպքում Հայաստանը քաղաքական քաշ չի ունենա»: Կոմկուսը պատրաստվում է 1999-ի մայիսյան ընտրություններին: Գնալու է ինքնուրույն եւ սեփական դրոշով. «Մենք գիտենք ինչ ունենք, ինչ ենք ձեռք բերել, ինչ պրոբլեմներ կան»: Եվ ընդհանրապես թող մարդիկ մոռանան, որ կոմկուսի օրերը Հայաստանում հաշված են. «Ինչպես պարոն Տեր-Պետրոսյանն է ասում, որ երբեւիցե այդ ապազգային ուժը Հայաստան չի գա եւ վերջին մեխն էր խփում կոմունիզմի դագաղի մեջ»: Այս խոսքերից ընդամենը 7-8 ամիս հետո 1999-ի նոյեմբերի 25-ին Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը հանկարծամահ եղավ Մոսկվայում: Նա ընդամենը 52 տարեկան էր: