Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային մաքսային մարմինների դերը կնվազի». Տիգրան Ջրբաշյան (տեսանյութ)

Տնտեսություն
harkayin

«Ներկրման ոլորտում կունենանք շատ ավելի ազատական համակարգ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մենաշնորհների մասին, ասաց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ  Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով՝ այս առումով վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած մտքերն իրատեսական են. «Բայց կարծում եմ, որ դա կապված է մաքսային վարչարարություն իրականացնող մարմինների ֆենոմենի հետ: Տեսեք, ապրանքի ներկրման համար մեր իրավական դաշտը երբեք խոչընդոտ չի ստեղծել որպես այդպիսին: Ուրիշ հարց է, որ մաքսային վարչարարության տեսակետից ձևավորվում էր ոչ հավասար պայմաններ, եւ դա նպաստում էր, որ այս կամ այն խաղացողն ավելի լավ մրցակցային դիրք էր գրավում: ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում  է  ազգային մաքսային մարմինների դերի նվազում:  Այսօր մաքսային վարչարարություն իրականացնող մարմինները մրցակցում են, եւ եթե Հայաստանի մաքսային մարմինները բարենպաստ պայմաններ չեն տալիս ներկրողներին, ապա նրանք ներկրում են Եվրասիական տնտեսական գոտու այլ սահմանների միջոցով: Ուստի, կարծում եմ, որ ներկրման ոլորտում կունենաք շատ ավելի ազատական համակարգ»,-նշեց նա: Ջրբաշյանն անդրադարձավ նաեւ հարկային օրենսգրքին՝ նշելով, որ ամբողջ խնդիրն այդ փաստաթղթի գաղափարախոսության մեջ է. «Որովհետեւ շարունակել իրականացնել նույն մոտեցումները, ինչպիսին մինչ օրս իրականացվել են հարկային քաղաքականության մեջ, որևէ փոփոխություն շատ դժվար կլինի իրականացնել: Շեշտը դրված է նրա վրա, որ պետք է շարունակել հարկել եւ հարկահավաքը ապահովել այն տեղերից, որտեղից հնարավոր է: Այսինքն՝ եթե հիմնական շեշտը դրվում է լրացուցիչ հարկերի հավաքում ապահովելու վրա՝ բյուջետային ծախսերը հոգալու համար, եւ առանց ընդլայնելու հարկային բազան՝ օգտվել ներկա բազայից, ապա դա անվերջ չի կարող լինել, հարկային բազան կարող է նվազել:  Բազայի ընդլայմանն ուղղված քայլ, փաստորեն, այս հարկային օրենսգիրքը չի տալիս»: