«Տեր-Պետրոսյանի առաջարկները մասնակիորեն կարելի է համարել ընդունված» (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսը դեռ չի լսել իշխանության արձագանքը՝ արդյո՞ք նրա համար ընդունելի է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները վարչապետ Կարեն Կարապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Նշենք, դրանցով Տեր-Պետրոսյանը հստակ քայլեր էր առաջարկում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար։ «Դեռ պարզ չէ, սակայն մասնակիորեն կարելի է դա համարել ընդունված»,- Լևոն Զուրաբյանը նկատի ունի Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ ՄԱԿ-ի ապօրինի հարստացումը քրեականացնող կոնվենցիայի հետ կապված։ Նա ուսումնասիրել է կառավարության ծրագիրը, որում որևէ խոսք չկա Առաջին նախագահի առաջին առաջարկի մասին (Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները): Հայաստանում զանազան բացասական երևույթների վերաբերյալ ընդունվում են խիստ օրենքներ, սակայն դրանք իրականում չեն կիրառվում։ Արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասվում նաև ապօրինի հարստացման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի տակ ստորագրություն դնելուց և համապատասխան օրենք ընդունելուց հետո։ «Չեն կարող այդպիսի պաշտոնյաները օրենքի սրի տակով չանցնել։ Այդ օրենքի իմաստը հետևյալն է՝ անկախ նրանից, ինչ աղբյուրներով են ձեռք բերված այդ հարստությունները, եթե հայտնաբերվում է պաշտոնական հայտարարագրված եկամուտների և ձեռք բերված հարստության միջև անհամապատասխանություն, դա արդեն քրեական հանցանք է»,- պատասխանում է Լևոն Զուրաբյանը։ Սակայն ինչպես է հնարավոր պատկերացնել, որ գործող համակարգի պարագայում օրենքի կիրառողն ինքը՝ իշխանությունը, կգնա իր անդամներին պատժելուն։ Նման բանի քաղաքացիները գրեթե ականատես չեն լինում։ Լևոն Զուրաբյանը նշում է. «Հնարավոր չի թաքցնել ունեցվածքը։ Ի վերջո՝ մենք բազմաթիվ դիմումներ ենք հղել դատախազություն և ցույց ենք տվել այդ անհամապատասխանությունը։ Մենք փաստեր ունենք»։ Մանրամասները՝ տեսանյութում