Վարչապետի հանձնարարականները՝ տրանսպորտի ու ԴԱՀԿ խնդիրների առնչությամբ
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի քանի հանձնարարական տվեց նախարարություններին: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ զարգացման նախարարությանը նա հանձնարարեց մարզպետների հետ գործակցելով՝ ուսումնասիրել գյուղական համայնքների տրանսպորտի հարցը. «Գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի հարցը մնում է ակտուալ: Ուսումնասիրեք հարցը, ներկայացրեք այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտ չի սպասարկում, ասեք ինչն է պատճառը ու ինչպես կարելի է այդ հարցը լուծել»,- ասաց վարչապետը՝ հորդորելով տրանսպորտի սպասարկումը չսահմանափակել միայն Երեւանին մոտիկ գյուղական համայնքներով: Մյուս հանձնարարականով Կարեն Կարապետյանը պահանջեց լիցենզիա տրամադրող մարմիններին ուսումնասիրել էլեկտրոնային տարբերակով լիցենզիա տրամադրելու հնարավորությունները: Արդարադատության նախարարությանը վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ԴԱՀԿ գործունեությունը. «Տեւական ժամանակ է , որ մարդիկ դժգոհում են ԴԱՀԿ գործունեությունից, դրանք առնչվում են Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում: Հանձնարարում եմ ձեռնարկել մի մեխանիզմ, որ քաղաքացին մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը տեղեկացվի դրա մասին: Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»,- առաջարկեց վարչապետը: