«Փղերը հայտնվել են ամանեղենի խանութում եւ կռվում են» (տեսանյութ)
Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, եւ դրանից չպետք է վախենալ. անդրադառնալով Սամվել Բաբայանի այս հայտարարությանը՝ նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Ստրատեգիական զենքը նման իրադրության մեջ չի կարող որեւէ դեռ խաղալ: Ո Երեւանը եւ ոչ էլ Բաքուն դրանք չեն կարող օգտագործել: Դա բացառվում է: Երբեմն ես դա համեմատում եմ այն տեսարանի հետ, երբ երկու փիղ հայտնվել են ամանեղենի խանութում եւ իրար հետ կռվում են: Այդպիսի բան կստացվի, մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց նույն հարվածը նրանք կարող են մեզ հասցնել Նախիջեւանից Հայաստանին, այնպես որ ամբողջ խնդիրը նրանում է, որ նման բան չպետք է լինի, որովհետեւ դա ամեն ինչից կլինի նաեւ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը», - նշեց Արման Նավասարդյանը: Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ ավելի շատ բացասականն էր, քան դրականը: Իսկ բացասականն այն էր, ըստ արտակարգ եւ լիազոր դեսպանի, որ Նազարբաեւը չներկայացավ եւ գլխավոր քարտուղար չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը: «Այստեղ ռեվերանս է արվում այն երկրների կողմը, որոնք դեմ են դրան: Իսկ դրանք գիտեք ովքեր են, թուրքալեզու երկրներն են մեկ, եւ կազմակերպությունը դեռ դուրս չի եկել ձախության մանկական հիվանդության շրջանակներից, չեն կարող հասնել այն մակարդակի, որը վայել է տվյալ կազմակերպությանը»,- ասաց Արման Նավասարդյանը: Նրա խոսքերով՝ միեւնույն է, եթե հայ էլ ընտրվի, մեր հարցերը չեն լուծվելու, իսկ գաթաթնաժողովի դրականն այն է, որ կազմակերպությունը գծեց իր ճանապարհային քարտեզը, իսկ Ռուսաստանը օգտագործեց երեւանյան դաշտը՝ ցույց տալու համար, որ պատրաստ է իր հարաբերությունները մեղմել ԱՄՆ-ի հետ: