ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԱՀՐԱԴՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԼրատվամիջոցները ընտրական գործընթացի ամենակարեւոր բաղկացուցիչ մասն են, եւ մենք ամեն ինչ անելու ենք , որ լրագրողները որեւէ խոչընդոտի չհանդիպեն, - այսօր խոստացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը: Նա հայտարարեց, որ ապավինում է լրագրողների օբյեկտիվ աջակցությանը՝ լուսաբանման եւ թափանցիկության ապահովման իմաստով:
Նիստի ժամանակ ընդունվեց ընտրություններում լրագրողների հավատարմագրման կարգը; հաստատվեց նաեւ քվեաթերթիկի ձեւը եւ դրանում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու ձեւը: «Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ամեն տեսակի նշում քվեաթերթիկում լինում է, բացի անհրաժեշտից. սկսած իրենց նախընտրած թեկնածուի անվան առաջին տառից, վերջացրած տարբեր նշաններով»,- ասաց պրն Սահրադյանը եւ ավելացրեց , որ միատեսակ նշանի պահանջը Վենետիկի հանձնաժողովն է ներկայացրել:ԿԸՀ այսօրվա նիստում հաստատվեցին նաեւ ընտրատարածքների կենտրոններն ու այլ տեխնիկական խնդիրներ:
Ի դեպ, մինչեւ ընտրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կվերապատրաստեն եւ կաշխատեն համայնքներում ու մարզերում ՝ընտրական հանձնաժողովների անդամների հետ: Այսօր վիճակահանությամբ լուծվեց նաեւ այն հարցը, թե ով որ մարզում ու համայնքում կիրականացնի իր առաքելությունը: