Թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն. արդյունաբերական ցուցահանդես Երևանում
Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով:
Միջոցառման շրջանակներում անցկացվեցին վարպետության դասեր ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ կազմակերպությունների համար: Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Լիդիա Օռլովան Ռուսաստանից, ոճաբան, մարկետինգի մասնագետ Լուսինե Այանյանը Էստոնիայից, Նուռը (Արման Դավթյան) և Լիլիթ Շահումյանը (By Lilit ապրանքանիշ) Հայաստանից:
Ներկայացվեցին նաև «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյան «Անցյալի ապագան», “Toko’s- Paris” ընկերության “Nostalgie”, դիզայներ Ելենա Պեմիրալ “Fashionable fur kaleidoscope” դիզայներական հավաքածուները:
Միջոցառման հիմնական առանցքը արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթայի ներկայացումն էր՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:
Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը:
Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։
Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը: