Այս տարի էլ խաղողը մթերել են հիմնականում պարտքով
«Այս տարի մթերվել է խաղողի 95 տոկոսը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, սակայն, այս տարի բերքը անցած տարվա համեմատ քիչ էր: «Նախնական տվյալներով՝ մոտ 105 հազար տոննա խաղող է մթերվել այս տարի, որի արժեքը 1 կգ դիմաց կազմել է 115 կամ 117 դրամ»,-նշեց նա՝ հավելելով, որ բոլոր գործարանները, բացառությամբ Երեւանի կոնյակի գործարանի, խաղողն այս տարի մթերել են պարտքով. «Բայց այս անգամ նրանք վճարելու ժամկետներում ազատություն չունեն: Պարտավորվել են վճարել մինչեւ դեկտեմբերի 31-ը կամ մեկ տարվա ընթացքում: Ի դեպ, մոտ 10 գործարան հրաժարվել է խաղող մթերել այս տարի»,-նշեց նա: Հարցին, թե արդյոք գործարանների նկատմամբ խաղողը մթերելու ճնշումներ են եղել, պարոն Հարությունյանը նշեց, որ ակնառու ճնշումներ չեն եղել, բայց կուլիսային՝ չի բացառվում: Նախորդ տարի խաղողը մթերվել է 145-150 դրամով, սակայն այս տարի, երբ բերքը քիչ է, խաղողի գինն ընկնում է: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ըստ Ավագ Հարությունյանի՝ խաղողի գնի վերաբերյալ սեզոնի սկզբին են պայմանավորվածություններ ձեռք բերվել, երբ դեռ չէին ակնկալել, որ բերքի նվազում կլինի: Ինչ վերաբերում է նախորդ տարվա մթերված խաղողի պարտքերին, ապա գինեգործների միության նախագահը կարծում է, որ դրանք վճարելու հույսեր մոտ ապագայում չկան: «650 միլիոն դրամի չափով դեռ վճարելու գումար կա: Սա այն գումարն է, որի դիմաց չկա գրավ, որպեսզի դրվի եւ վերցվի վարկ: Գործարանները իրենց սեփական ռեսուրներով գուցե մի 7-8 ամսում այդ պարտքը փակեն: Կոնկրետ Աղավնաձորում «Վեդի Ալկոն» 90 տոկոսով մարել է պարտքերը: Պարտքերի հիմնական բեռը Արարատյան դաշտավայրում է»: Ավագ Հարությունյանի խոսքով՝ մեր կառավարությունը գինեգործության եւ խաղողագործության մեջ թույլ է տվել քաղաքական սխալներ, որոնք գալիս են դեռ Խորհրդային տարիներից. «Մոտ 20 օրից կառավարությունը պետք է համապատասխան ծրագիր ներկայացնի, բայց խնդիրն այն է, որ նոր կառավարության կազմում քաղաքական գաղափարախոսության կրողներ, որպես այդպիսին, չկան, տնտեսական խնդիրներ լուծողներ են, շատ լավ մենեջերներ: Մենք չեն տեսնում այն քաղաքական խնդիրը, որը պետք է լուծվի, որից ածանցվում են տնտեսական խնդիրները»,-ասաց նա: Ի դեպ, Հարությունյանը նշեց, որ չնայած խնդիրներին, գինու արտադրության եւ արտահանման աճ կա 20-30 տոկոսով, կոնյակի սպիրտի աճի տեմպեր նույնպես կան՝ մոտ 3 անգամ: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե ինչ կասի նա մեկ միասնական բրենդի ներքո Հայաստանից խմիչքներն արտահանելու առաջարկին, որը քննարկվում է, Ավագ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր խոշոր ընկերությունները համաձայն են, բացառությամբ կոնյակի գործարանի, բայց ես կարծում եմ, որ դա լավ առաջարկ չէ: Անդեմ մի բան է, նվազագույն գնով կարտահանեն, որոշ տնտեսական խնդիրներ կլուծենք, բայց չենք նայի առաջ: Մեր խաղողի 95 տոկոսը կոնյակն է, որի մեջ ամենավատ որակի խաղողն է օգտագործվում: Դա ամենաէժան խաղողն է, որից գյուղացիները որեւէ ռեալ եկամուտ չունեն: Կառավարությունը պետք է ունենա քաղաքական կամք եւ ասի՝ իմ գյուղացին պետք է թանկ խաղող աճեցնի եւ թանկ խաղող վաճառի»,-եզրափակեց նա: