«Տարիներ շարունակ ընտրություններն անցել են խախտումներով». ՀԿԿ-ն գնում է խորհրդարան
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ուրախ է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ: «Նա եկել է Ռուսաստանից և ոչ միայն Ռուսաստանից: Նա եկել է նաեւ այն կազմակերպությունից, որը պետություն է, պետության մեջ: Այսինքն՝ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի ապարատում է աշխատել՝ «Գազպրոմ»-ի ղեկավարի տեղակալ եւ դա արդեն մեծ դպրոց է»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ կառավարությունը նոր վարչապետի գլխավորությամբ, ճիշտ ուղու վրա է եւ առաջիկայում կկարողանան իրավիճակը շտկել: Իսկ այժմ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Չմասնակցելու իրավունք չունենք, որովհետեւ մենք եղել են իշխանություն 70 տարիների ընթացքում: Մեր աշխատած տարիներին հանրապետությունը ծաղկել է եւ դարձել է զարգացած հանրապետություն ոչ միայն Սովետական միության, այլ նաեւ աշխարհի մակարդակով»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը: Վերջին խորհրդարանական ընտրություններին ՀԿԿ-ն երբեք չի հայտնվել խորհրդարանում, հիմա արդյո՞ք իրավիճակ է փոխվել, հարցին Տաճատ Սարգսյանը նշեց . « Ազգային ժողովում չհայտնվելը խոսում է նրա մասին, որ Կոմունիստական կուսակցությունը թուլացել է կամ չունի բազա: Այլ խոսում է այն մասին, որ հանրապետությունում տարիներ շարունակ ընտրություններն անցել են ոչ օրինաչափ, խախտումներով»: Նրա խոսքերով՝ հանրապետությունում այսօր մոտ 500 հազար թոշակառուներ են ապրում, որոնք իրենց տարիներին աշխատել են, սոցիալական խնդիրներ չեն ունեցել, ուստի բոլորը իրենց ձայնը կտան նրանց: