«Նիկոլ Փաշինյանի միտքը սկսում է տարածվել իշխանության մեջ» (տեսանյութ)
2017-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը քաղաքական նոր ուժերի կարիք չի տեսնում. «Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն ավելացնում է. «Ես պետք է փաստեմ, որ Նիկոլ Փաշինյանի միտքը սկսում է քիչ- քիչ տարածվել իշխանության մեջ»: Հայաստանին պետք չէ 60 հատ ընդդիմություն, ամենաժողովրդավարական երկրներն, ըստ Լեւոն Մարտիրոսյանի, ունենում են մեկ ընդդիմադիր ուժ. «Էդքան ոչ մարդկային, ոչ ֆինանսական, ոչ այլ տիպի ռեսուրսներ չկան: Էնպես որ ճանապարհը միավորվելն է»: Սակայն կա տեսակետ, որ դաշտում գործող ընդդիմադիր եւ իշխանական բոլոր քաղաքական կուսակցությունները հասցրել են արատավորել իրենց, գուցե նոր ուժե՞ր են պետք: Ըստ Լեւոն Մարտիրոսյանի, ժամանակ չկա այլեւս. «Եթե չկարողանան իրենք ոչ միայն ձեռնոց չեն կարող նետել կառավարող ուժին իր ռեսուրսներով, այլ որեւէ բանի չեն հասնի»: Թեւան Պողոսյանը նկատում է, որ հանրապետականը մեկ ընդդիմության կարիք ունի եւ գուցե ինքն էլ ձեւավորի այդ ընդդիմադիր ուժին: Դրա համար Հանրապետականը հաստատ գումարներ ունի: Հակառակ դեպքում թող հանրապետականը թույլ տա, դաշտը ինքն իրեն կձեւավորվի. «Թե իրենք կլինեն 6-ը, թե իրենք կլինեն 7-ը, թե կլինի միավորում եւ կդառնա մեկը, դա արդեն կլինի իրենց ընտրության խնդիրը, դուք ինչի՞ եք խառնվում թե ձեզ ինչ է պետք»: Թեւան Պողոսյանը Լեւոն Մարտիրոսյանին տեղեկացնում է, որ հանրությունը չի սիրում հանրապետականին, գուցե թողնեին հեռանայի՞ն իշխանությունից՝ գոնե հանուն հանրության հանդեպ սիրո գնացեք, էլի։ Լևոն Մարտիրոսյանը հակադարձում է. «Քաղաքագիտության հերն անիծեցիր: Իշխող կուսակցությունը որտեղ ա երբեւէ ասել՝ ես գնացի: Ու՞ր գնացի»: «Եղածով բավարարվենք»,-ընտրություններից առաջ քաղաքական նոր խաղացողների հնարավորության մասին ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը. «Հիմքը ո՞րն է՝ բանվորնե՞րը պիտի կուսակցություն ստեղծեն, ո՞վ պիտի ստեղծի, չկա էդ ուժը, չէ՞: Կուսակցություններն առաջանում են հասարակության ստրատաների վրա, բանվոր դասակարգը տեսնում եք ինչ վիճակում է, արհմիություններ չկան»: Եթե նոր ուժի կարիք զգացվի, իշխանությունն ինքը կստեղծի,-ասում է Լեւոն Շիրինյանը: