Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի» գործարկման տարբերակները քննարկում է նաև Արա Աբրահամյանը

Տնտեսություն
forrum

«Ներկայումս ուսումնասիրում ենք Նաիրիտի գործարկման հնարավոր տարբերակները, դիտարկում ենք տարբեր նոր տեխնոլոգիաներ, ընկերությունը գործարկելու համար»,- այսօր   Երեւանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա տեղեկացրեց, որ Ռուսական տարբեր ընկերություններ զբաղված են ուսումնասիրելով հայկական արդյունաբերության տարբեր ոլորտներ։ Ամերիկյան ընկերություններն ուսումնասիրում են էժան էլեկտրաէներգիայի ստացման հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ շուրջ 30 օտարերկրյա ընկերություն Հայաստանի կառավարության եւ տարբեր ընկերությունների հետ բանակցում է՝  համագործակցության հնարավորությունները դիտարկելու համար։ Արա Աբրահամյանն ասաց, որ համաժողովը այսուհետ անցկացվելու է ամեն տարի Հայաստանում։ Դրա ընթացքում քննարկելու են տնտեսական ինտեգրման կոնկրետ անելիքները. «Եվրասիական տարածաշրջանում բոլորն արդեն գիտեն, թե ինչ խնդիրներ կան, մենք խոսելու ենք, թե ինչպես լուծենք այդ խնդիրները, որքան ժամանակ է պետք դրա համար եւ ովքեր են պատասխանատու»։ Համաժողովից հետո ստեղծվելու է  նոր կազմկոմիտե, որին մեջ ներառվելու են ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ Մշակելու են, թե հաջորդ տարի ինչ ձեւաչափով է անցկացվելու համաժողովը, ինչ հարցեր են քննարկվելու։ Համաժողովի ընթացքում Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց, որ իր ծնողները բժիշկներ են եղել, իսկ ինքը գործարար է. «Որպես բժիշկների ընտանիքում մեծացած մարդ, իմ պատկերացմամբ, տնտեսությունը արյուն է, որը պետք է ազատ շրջանառվի ու սնուցի օրգանները: Հենց սրանով է պայմանավորված ԵԱՏՄ կարեւորությունը, դա ամբողջ մայրցամաքի ամբողջության գրավականն է: ԵԱՏՄ-ից կշահեն բոլոր գործարարները, ներդրողները, նրանք, ովքեր կմիանան մեզ ապագայում»,- ասաց նա։ Արա Աբրահամյանը հավելեց, որ եթե ԵԱՏՄ անդամ պետությունները միավորվեն, կունենանք բարգավաճող տարածաշրջան. «Հայաստանը ձգտում է դառնալ ԵԱՏՄ, ապագայում նաեւ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական կենտրոնը՝ դառնալով Մետաքսի ճանապարհի դարպասը: ՀՀ-ն կդառնա աշխույժ խաչմերուկ: Ես լավատեսորեն եմ նայում ԵԱՏՄ ապագային եւ դա անում եմ սթափ, առանց վարդագույն ակնոցի»: Նա կարծում է, որ տնտեսություններն են միավորում պետություններին, ոչ թե քաղաքականությունը։