Հիսուս Քրիստոսի ու Գագիկ Ծառուկյանի նմանությունն՝ ըստ Գառնիկ Իսագուլյանի (տեսանյութ)
Հասարակությանն ու իշխանություններին ուղղված ընդդիմադիրների մեղադրանքներն անհիմն են. լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու, այնուհետեւ՝ քաղաքապետի ընտրություններին։ «Մեկնաբանություններն ավելորդ են. ընդդիմադիրները բացառապես իրենք են մեղավոր, քանի որ նորմալ պայմանավորվածության չեն գալիս, համաձայնագրի կետերը խախտում են: Այդ խնդիրների լուծումը այլ տեղ է թաքնված: Եզրակացությունը հետեւյալն է՝ ՀՀ ներքաղաքական կյանքը ցանկացած իր զարգացման փուլում անկանխատեսելի ու անքննելի է՝ ինչ կլինի վաղը, դժվար է ասել. կա որոշակի դիսբալանս քաղաքական կյանքում ու այն ինչ-որ կերպ պետք է լուծում ստանա»,- ասաց Իսագուլյանը: Ըստ նրա՝ ունենք շատ լավ իշխանություն ու շատ վատ ընդդիմություն, որը չի կարողանում ձայներ պահել. «Ու ոչ մի ճնշում չի եղել ընտրություններին, բացարձակ: Եթե մարդը վախկոտ է, էդ մարդուն մարդ համարել պետք չէ. պատկերացնում եք՝ նա գնա սահման պահելու՝ ազերիների ձեռքն ընկնի, հայրենիքում ինչ կա, կծախի»: Պարոն Իսագուլյանը անդրադարձավ, նրա որակմամբ, քաղաքական դաշտի գլխավոր հարցադրումներից մեկին՝ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ. «Որեւէ մեկը այդ հարցի պատասխանը չունի եւ, կարծում եմ, համապատասխան որոշումներ էլ չկան: Միանշանակ գտնում եմ, որ ընդդիմադիր-իշխանական դաշտում առկա մեծ խզումը հանգուցալուծելու համար պետք են մարդիկ, որոնք կամուրջի դերակատարություն կունենան, որ բալանսի տակ պահեն, քանի որ առկա հակասությունները երբեմն ծայրահեղության են հասնում: ԲՀԿ-ն նման դերակատարություն ժամանակին ունեցել է: Եթե Գագիկ Ծառուկյանն անձամբ որոշի, որ վերադառնում է մեծ քաղաքականություն ու ղեկավարելու է իր կուսակցությունը, նորից կունենանք մի իրավիճակը, երբ բալանսավորվելու են ծայրահեղ ընդդիմադիր ու իշխանական դաշտերը: Դժվար է քաղաքական լեզվով մեկնաբանելն ու ասելը, սակայն այդ պարագայում մենք կունենանք շատ ավելի մեղմ փոփոխություններ»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ի դեմս Գագիկ Ծառուկյանի՝ նա տեսնո՞ւմ է քաղաքական դաշտի փրկչի, Գառնիկ Իսագուլյանը, ձեռքը երկինք հառնելով, պատասխանեց. «Մենք ունենք մեկ փրկիչ, Գագիկ Ծառուկյանը փրկիչ չէ, եւ որեւէ մեկը փրկիչ չէ: Ուղղակի նրան տեսնում եմ բալանսավորողի դերում: Օրինակ՝ ես ինձ վրա առաքելություն եմ ստանձնել, դա աստվածային առաքելություն չէ, այլ զուտ մարդկային, մի սեղանի մոտ նստեցնել երեք ՀՀ նախագահներին, սակայն դա ինձ չի հաջողվում»: Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն ունի՞ քաղաքագիտական այդքան ունակություններ եւ կամ արդյոք ՀՀԿ հայտնի նիստից հետո, երբ նրան վարկաբեկելով հեռացրին քաղաքականությունից, նա պատրաստ կլինի՞ վերադառնալ կրկին քաղաքականություն, պարոն Իսագուլյանը նախընտրեց մեջբերումներ անել ավետարանից. «Դուք Ավետարան կարդացե՞լ եք, հիշո՞ւմ եք այն հատվածը, երբ Հիսուսին գամեցին սյանը, փշե ծաղկեպսակ հագցրին: Դա նշանակում է, որ մարդը կարողանում է կուլ տալ ինչ-որ բաներ, ու այդ ամենը հետագայում ներել: Ես դա բացասական երեւույթ չեմ ուզում համարել: Քաղաքական հռետորաբանությունը էական չէ, նրա գործունեությունն է կարեւոր. երբ Ծառուկյանը վերադառնա, կտեսնեք ինչի կհանգեցնի նրա վերադարձը»: Այսինքն, Գագիկ Ծառուկյանը ներե՞լ էր Սերժ Սարգսյանին, որը նրան դիմել էր մականունով, նա նշեց. «Որեւէ մեկը որեւէ մեկից չի նեղացել ու ներելու խնդիր չունի. քաղաքականության մեջ բաժանվել, նորից միանալ, նեղանալ, ներել չկա»: