Երկու ամսվա ընթացքում իրադրությունը շատ ավելի է վատանալու Հալեպում (տեսանյութ)
«Թուրքիան եւ Ռուսաստանը փորձում են վերականգնել այն հարաբերությունները, որոնք եղել են մինչ ռուսական ուղղաթիռի կործանումը» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական, քաղաքական հարցեր: «Հանդիպման կարևոր կետերից է եղել այն, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները: Սրա արդյունքում ՌԴ-ն պարտավորվել է մոտ երկու հարյուր մասնագետ պատրաստել այդ բնագավառում, ուստի, ըստ էության, Թուրքիան դառնում է միջուկային տերություն»,-ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թեեւ այդ մասին չի բարձրաձայնվում, բայց Պուտինն ու Էրդողանը խոսել են գազի գնի մասին, եւ ՌԴ-ն գնացել է որոշ զիջումների: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպմանը բավականին ծավալուն քննարկում է եղել Սիրիայի վերաբերյալ: «Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակեն ջանքերը Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու ուղղությամբ: Սա նշանակում է, որ Թուրքիան չի միանում Արևմուտքին, որը քննադատում է ՌԴ քաղաքականությունը Սիրիայում: Քննարկվել են նաեւ թուրքական զինուժի գործողությունները: Ինչպես գիտենք, Թուրքիան Սիրիայի Հյուսիսում տարածք է գրավել: Այս հանդիպումը եւ քննարկումը վկայում է այն մասին, որ, ըստ էության, Ռուսաստանը չի քննադատում, չի բողոքում Թուրքիայի այդ գործողության դեմ»: Սաֆրաստյանը նշեց, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում ռազմական բանակցություններ վարել երկու երկրների գլխավոր շտաբերի, պաշտպանության նախարարների միջեւ, ինչը վկայում է, որ կողմերը փորձում են ընդհանուր գործողությունների համար հիմք ստեղծել Սիրիայում: Ի՞նչ ազդեցություն կունենա այս հանդիպումը հալեպահայության վրա: Մասնագետի խոսքով՝ պետք է առաջին հերթին մտածել նրանց ապահով տարհանման մասին: «ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտական երկու ամսվա ընթացքում իրադրությունը շատ ավելի վատանալու է Հալեպում, եւ կարևոր է, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը»: