Լեհաստանի հավաքականը Հայաստանի խաղից առաջ զրկվել է երեք խաղացողից
Լեհաստանի ֆուտբոլի հավաքականը, որը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմի առաջիկա մրցակիցն է, մի քանի կորուստ է կրել մերոնց հետ խաղից առաջ: Տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ հավաքականի ճամբարն այսօր լքել է պաշտպան Լուկաշ Պիշչեկը: Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը թեթեւակի վնասվածք է ստացել Դանիայի հետ խաղում եւ չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը: Լեհաստանի հավաքականին չեն կարող օգնել նաեւ պաշտպան Միխալ Պազդանը եւ հարձակվող Արկադիուշ Միլիկը: Առաջինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, իսկ երկրորդը՝ դանիացիների հետ խաղում: Իտալական «Նապոլիի» 22-ամյա հարձակվողի վնասվածքը բավական լուրջ է եւ դրա վերականգման համար կպահանջվի 4-6 ամիս: Նշենք, որ Լեհաստան - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Վարշավայում: