Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում հայազգի պատգամավորները չեն կարող խնդիրներ լուծել (տեսանյութ)

Քաղաքականություն
vrac-1

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկիրը գնում է ժողովրդավարական ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին վրացագետներ Ալիկ Էրոյանցը եւ Ջոնի Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ այս ընտրություններում կային որոշ խախտումներ, որոնք արձանագրել են թե միջազգային դիտորդական խմբերը, թե  Վրաստանի ԿԸՀ-ն, բայց դրանք այն խախտումները չեն, որոնք կարող են կասկածի տակ դնել ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելը: Ալիկ Էրոյանցն էլ հավելեց, որ այս ընտրություններից հետո Վրաստանի խորհրդարանում հայազգի երեք պատգամավոր կլինի: Նրա կարծիքով, սակայն, հայազգի պատգամավորները որեւէ ազդեցություն չունեն խնդիրների լուծման հարցում. «Ավելի շատ մեծամասնականով ընտրված պատգամավորները կարող են շատ հարցերի լուծում տալ, կուսակցական համակարգում այդքան շատ հնարավորություններ չկան: Օրինակ հենց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված խնդիրներ կան եւ այլն»: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները հայ-վրացական հարաբերությունների վրա: Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ դրանք անուղղակի կազդեն. «Քանի որ «Վրացական երազանքը», կարելի է ասել, ազատվել է պրոեվրոպական ուժերից, ուստի ավելի ազատ է լինելու Ռուսաստանի հետ հարաբերություններում, դա էլ, իր հերթին, դրական կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա»: