Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Մալաքյանի ձեռքը խառնեց Վարուժան Սուքիասյանի պլանները

Սպորտ
a1armenia-romania-xax

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում կրեց իր պատմության ամենախոշոր պարտությունը պաշտոնական մրցումներում:   Երեւանում կայացած Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումն անչափ անհաջող սկսվեց մեր թիմի համար: Նախ, նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ թիմի միակ փորձառու հարձակվող Գեղամ Կադիմյանը: Նրան փոխարինեց անփորձ Վարդան Պողոսյանը:   Ապա հանդիպման 2-րդ րոպեին Գոռ Մալաքյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում, որի համար հեռացվեց խաղադաշտից: Ռումինացիները վստահ իրացրին 11մ հարվածը եւ առաջ անցան հաշվի մեջ: Ավաղ, րոպեներ անց մեր հավաքականի պաշտանություն երկու անգամ ճեղքվածքներ տվեց եւ հյուրերը շատ արագ եռապատկեցին հաշիվը: Ինչպես ասում են, «մնացածն արդեն տեխնիկայի հարց էր»: Ռումինիայի հավաքականը առանց մեծ ջանք թափելու եւս երկու գոլ խփեց եւ հաղթեց 5:0 հաշվով: Մերոնք մնացած ժամանակում այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:   Ինչպես ընդունված է նման դեպքերում, պարտվող թիմի գլխավոր մարզիչն ամբողջ մեղքն վերցնում է իր վրա եւ չի քննադատում իր ֆուտբոլիստներին: Այդպես վարվեց նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը՝ ավելացնելով. «Թիմի համար նման ծանր վիճակում ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Կվերլուծենք խաղը եւ կաշխատենք մինչեւ Լեհաստանի հետ խաղը շտկել սխալները»:   Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը իր թիմի հաղթանակը բացատրեց մեր ֆուտբոլիստի հեռացմամբ եւ արագ խփված գոլերով. «Հայաստանի հավաքականի կազմից բացակայում էին մի շարք ֆուտբոլիստներ, որոնք կարող էին խաղալ մեկնարկային կազմում, ու մարզիչը նրանց հետ ավելի շատ ընտրություններ կունենար: Հայաստանի հավաքականում կան եվրոպական լավ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ եւ թիմը դեռ կարող է անակնկալներ մատուցել»: