Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բունդեսթագի պատվիրակությունը՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտոնում

Քաղաքականություն
bun

Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտոն» Հ/Կ: Պատվիրակության կազմում էին «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, ԵՄ հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի նախագահ Բերնհարդ Շուլթե-Դրյուգելթեն, Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խոսնակ Կարլ Շիվերլինգը, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավորներ Քրիստիան Հազեն, Մարտին Փաթցելթը, Հայնց Ռիզենհուբերը, Յոհաննես Ռյորինգը, Կարլ Յուսթենը և այլք: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» Հ/Կ-ից հանդիպմանը մասնակցեցին կենտրոնի փոխնախագահ Ալեքսան  Կարադանայանը, անդամները՝ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանը,  երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանը և այլք: bun1 Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի խորհրդարանականներին՝ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագում ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար: Նա ողջունեց Գերմանացի պատգամավորների այցը առաջին քրիստոնյա երկիր, որի համար խթան է հանդիսացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան ուխտագնացությունը: Քննարկվեցին սիրիական հակամարտության արդյունքում տուժած սիրիահայերին օգնության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանում սիրիահայերին ինտեգրելու ուղղությամբ՝ անցած տարիների ընթացքում իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ չնայած Հայաստանում լուծվել են սիրիահայերի առողջապահական, կրթական, սոցիալական և այլ խնդիրները, սակայն շատ կարևոր է, դեռ լուծման կարիք ունեն նրանց բնակարաններով և աշխատանքով լիարժեք ապահովելու հարցերը: Նախարարն ընդգծեց, որ եվրոպական ամենազարգացած երկրի հետ համատեղ այս խնդիրների լուծումն առավել դյուրին կլինի:   Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խոսնակ Կարլ Շիվերլինգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սիրիահայերին ընդունելու հայկական փորձը օգտակար և որոշ դեպքերում օրինակելի կարող է լինել նաև Գերմանիայի համար:   Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը նույնպես ընդգծեց, որ Հալեպում ծավալվող ռազմական գործողություններն ուղղակի հակամարդկային են, և Սիրիային օգնության ձեռք մեկնած պետությունները պետք է կարողանան, մեկը մյուսի փորձը հաշվի առնելով, հնարավորինս հեշտացնել փախստականների ինտեգրումը:   Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրեց Հալեպում սիրիահայերի պատրաստած, սակայն Հայաստանում տպագրված Մարաշի գանձերի մասին պատմող բազմահատոր ուսումնասիրությունը: