Ռումինական ֆուտբոլի նոր աստղը գալիս է Հայաստան
Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռուդի Վերկենպինկի կարծիքով՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում թիմի մեկնարկային կազմում անպայման պետք է ընդգրկվի կիսապաշտպան Դորին Ռոտարիուն: «Նա շատ լավ դրիբլինգ ունի, կարողանում է հոլանդացի Արիեն Ռոբենի նման շրջանցել մի քանի մրցակիցների: Դորինը հաջող է խաղում կիսապաշտպանության եւ աջ, եւ ձախ եզրում: Դիրքերը փոխելով մենք հնարավորություն կստանանք անակնկալի բերել մրցակցին: Սակայն սա իմ տեսակետն է: Վերջնական որոշում պետք է կայացնի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը», - ասել է 50-ամյա բելգիացի մասնագետը: Դորին Ռետարիուն համարվում է ռումինական ֆուտբոլի ծագող աստղը: 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բուխարեստի «Դինամոյում»: Ռումինիայի ազգային հավաքականում նա իր նորամուտը նշել է թիմի նախորդ խաղում, որում ռումինացիները սեփական դաշտում ոչ-ոքի են խաղացել Մոնտենեգրոյի ընտրանու հետ: