Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ քաղաքական կրթություն՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan-1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ իրենց հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունը մեկնարկել է: Ըստ նրա՝ դպրոցը միտում ունի վերածվել վերլուծական կենտրոնի. «Դասընթացները կլինեն անվճար՝ ՀՀԿ հաշվին: Դպրոցի դասատուները չեն վարձատրվելու: Դասերը կանցկացվեն շաբաթը երեք անգամ երկուսուկես ժամ, իսկ էլեկտրոնային հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի քսանն է: Դասընթացների առաջին փուլը կմեկնարկի նոյեմբերին եւ կավարտվի եկող տարվա փետրվարին»: Արմեն Աշոտյանի խոսքով՝ դպրոցում կդասավանդեն ոչ միայն ՀՀԿ-ականներ, այլեւ քաղաքական փորձագետներ, անգամ՝ այլ կուսակցություններից ներկայացուցիչներ, որոնք, ըստ նրա, աչքի կընկնեն իրենց հմտություններով: Նա չցանկացավ անուններ նշել՝ ասելով, թե պետք չէ կրթությունը քաղաքականացնել եւ անուններ չի ցանկանում ասել, որպեսզի բուռն քննարկման առարկա չդառնա: Պարոն Աշոտյանը նաեւ նշեց, որ քաղաքական այս դպրոցում կարող են ուսանել 20-40 տարեկան անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Այլ հարցերի Արմեն Աշոտյանը խոսափեց պատասխանել, մասնավորապես Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հարցին՝ ասելով, թե սա ընթացիկ հանդիպում չէ, այլ՝ թեմատիկ: