Ուղերձներ՝ ուսուցչի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ` տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Երախտագիտություն՝ այն կարեւոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում եւ դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Դրանով իսկ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է: Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ եւ իր ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները եւ իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա: Կարեւորելով ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ պետությունը միշտ բարձր է գնահատում նրա աշխատանքը եւ հատուկ ուշադրության կենտրոնում պահում կրթության ու գիտության ոլորտում առկա խնդիրները, անում հնարավորը հայրենասեր, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու համար: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ «Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետեւ դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, հոգեւոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա առջեւ: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան, որտեղ ձեւավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու եւ հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում: Սիրելի ուսուցիչներ, այն, ինչ դուք կարողանում եք փոխանցել աշակերտին, հասնում է նաեւ նրա ընտանիք, հետեւաբար դուք անուղղակիորեն մասնակից եք դառնում նաեւ ընտանեկան միջավայրին` կամրջելով դպրոցն ու ընտանիքը, խորհրդանշելով այդ երկու կարեւորագույն արժեքների նշանակությունը, արժեքներ, որոնք յուրաքանչյուր պետության հիմքն են, անհրաժեշտ նախապայման յուրաքանչյուր ժողովրդի գոյության համար, արժեքներ, որոնք մշտապես ուղեկցում են մեզ` ապահովելով մեր յուրահատուկ նկարագիրը եւ երաշխավորված ընթացքը: Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսուցչի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Եվ դա պատահական չէ, քանզի որոշակի տարիքից մարդու աշխարհայացքը, կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր անմիջական ազդեցությամբ: 21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում է թռիչքաձև՝ ստիպելով մարդուն նորանոր որակներ փնտրել իր ներսում և դրանք ի սպաս դնել պետությանը, ազգին, մարդկությանը: Դա նշանակում է, որ ուսուցչի դերը դարձել է առավել կարևոր, պարտավորեցնող: Ու դա օրինաչափ է, քանի որ հենց ձեր աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, ովքեր կձևավորեն մեր հանրությունը՝ որոշելով պետության ապագան: Եվ այսօր դուք ապացուցում եք, որ ոչ միայն շարունակում եք ձեր անվանի նախորդների գործը, այլև աշխատում եք ժամանակի ոգուն համահունչ, և դրա ապացույցը մեր աշակերտների փայլուն արդյունքներն են միջազգային ամենատարբեր մրցույթներում: Ու համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով շարունակելու եք ձեր անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությունը: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Թող հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում: