Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկատուների փողերը խնայողաբար կօգտագործենք եւ նպատակային» (տեսանյութ)

Քաղաքականություն
finnax

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խնդրեց իրեն հարց չտալ նախկինի կատարած աշխատանքի մասին. «Քանի որ խոսելու եմ պրոֆեսիոնալ դաշտում, եւ ինձ պետք է ժամանակ՝ առնվազն 10 օր, որպեսզի ամբողջությամբ իմ ոլորտը տիրապետեմ: Ես խոստանում եմ եւ այսօր հանձնարարական եմ տալու, որ մենք եւ լրատվամիջոցների, եւ հանրության հետ հաղորդակցվելու ձեւաչափ ընտրենք»: Թեեւ պարոն Արամյանը եղել է Ֆինանսների փոխնախարար, ապա՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ֆինանսների գծով, սակայն խուսափեց Ֆինանսների նախկին նախարարի գործունեության վերաբերյալ գնահատական տալ, հատկապես ոլորտում եղած չարաշահումների վերաբերյալ. «Ճիշտ չէ, որ մենք անցածի վերաբերյալ գնահատականներ տանք. վաղը մյուս օրը կարող է ես մեկ այլ գործի տեղափոխվեմ, իմ հաջորդը որ գա, ասի՝ այ էստեղ այ էսպիսի խնդիր է, մսխել են, կամ ինչ-որ շարժառիթներ ման գան: Այդպիսով մենք հիմնական գործից շեղվում ենք, էն բամբասանքների հետեւից ենք գնում»: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետական համակարգերում գողություն կա, Վարդան Արամյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր ոլորտները նկատի ուներ վարչապետը եւ ի՞նչ գողության, ի՞նչ չափերի մասին է խոսքը. «Վարչապետի նման հորդորը նաեւ Ֆինանսների նախարարությանն էր ուղղված: Աշխարհում նմանատիպ խեղումներ ու խնդիրներ համակարգերում միշտ էլ լինում են, դա նաեւ դրոշակ է  բարձրացնում, որպեսզի մենք համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ: Երբ որ ես աշխատում էի Ֆինանսների փոխնախարար, ես ունեի հստակ իմ կոորդինացման ոլորտը, դա մակրոտնտեսական քաղաքականությունն էր, միջազգային հարաբերություններն են, ֆինանսական շուկաներն են, եթե այդտեղից ունեք հարցեր, ես սիրով ձեզ կպատասխանեմ»: Արդյոք 2017թ. պետական բյուջեն կենթարկվի՞ կրճատումների, նա պատասխանեց. «Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք եւ նպատակային»: