Մոտիվացնել քաղծառայողին, վերացնել պրիմիտիվ գողությունը. հանձնարարականներ (տեսանյութ)
Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ շնորհավորելով նորանշանակ նախարարներին: Նա նշեց, որ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ ինքը լավ է պատկերացնում ֆինանսական աշխարհը. «Մյուս երեք նախարարները իրենց ոլորտների կառավարիչներն են, լավ պատկերացնւմ են ոլորտը: Ակնկալում եմ ոլորտի փոփոխություն եւ համարձակ քայլեր»: Վարչապետն առաջին հանձնարարականը տվեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին. «Ունենք ժանգոտած կառավարման համակարգ: Հանձնարարում եմ կազմակերպել խաղողի մթերման գործընթացը, որն առավել ակտուալ է Աղավնաձոր գյուղում՝ «Վեդի ալկո» ընկերության հետ կապված: Պետք է ամենօրյա հսկողություն, քանի որ ամեն տարի կանգնում ենք այս խնդրի առաջ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրին ներկայացրեց պետական գերատեսչությունների կողմից ավիատոսմերի գնման ոլորտում սպասվելիք փոփոխությունների մասին մի նախագիծ, որով նվազեցվում է ավիատոմսերի ոլորտում կոռուպցիոն ռիսկերը: Վարչապետը դիտողություն արեց զեկույցից հետո՝ կոչ անելով պրիմիտիվ համակարգերում գողությունը վերացնել. «Լավ կլիներ, եթե այդ մարդիկ մեկ այլ տեղ իրենց խելքն օգտագործեին»: Կարեն Կարապետյանը նաեւ խոսելով քաղծառայողների վարձատրության եւ կոռուպցիայի մասին՝ ասաց. «Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին: Առաջարկությունս հետեւյալն է՝ ճիշտ կլինի, եթե մեր գործընկերները տան առաջարկներ, թե մոտիվացիայի ինչ գնահատական ունեն իրենց ոլորտի վերաբերյալ՝ այն հնարավորությունների շրջանակներում, որ ունենք»: