Գ. Մակարյանը դժգոհ է «Արտադրված է Հայաստանում-2016»-ի կազմակերպումից (տեսանյութ)
Ընդհանրապես ցուցահանդեսները, իսկ կոնկրետ «Արտադրված է Հայաստանում-2016»-ը կարեւոր են ճանաչողականության առումով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ ավելացնելով. «Այս ցուցահանդեսի առավելությունը պետք է լիներ այն, որ ոչ միայն տեղացիները այցելեին, այլեւ արտասահմանյան ընկերությունները: Պետք է օգտագործել դեսպանությունների հնարավորությունները: Շատ կարեւոր է, որ մեր կազմակերպիչները հատուկ հրավեր կազմակերպեն, հատուկ տրանսպորտ տրամադրեն՝ հատուկ թարգմանիչներով կամ ուղեկցորդներով, որ դեսպանությունների էշելոնը գա, ներկայանա, պտտվի, տեսնի, գնա, եւ բոլոր կատալոգները պարտադիր ուղարկվի իրենց»: «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովը: Գագիկ Մակարյանը դժգոհ է համաժողովի կազմակերպումից. «Ակուստիկան շատ անհաջող էր, եւ դահլիճը հարմարեցված չէր այս միջոցառման համար: Մարդիկ նստած լսում են, սակայն չեն լսում. պետք է ականջակալներ վերցնես, որ թարգմանչի միջոցով լսես, թե ինչ են ասում: Դժգոհություն եղավ նաեւ աշխատանքային լեզվի հետ կապված, որը անգլերենով էր: Կարծում եմ, որ աշխատանքային պարտադիր լեզուն պետք է հայերենը լիներ, քանի որ այստեղ կային նաեւ սփյուռքահայեր»: Ըստ նրա՝«Արտադրված է Հայաստանում-2016»-ը արդեն 2-րդ տարին է՝ անցկացվում է, եւ պետք էր արդեն դասակարգել, թե նախորդ ցուցահանդեսից ինչ արդյունքներ ունեցան, որ մասնակիցներին խթանեին՝ իրենց ապրանքները հեշտությամբ կարողանային վաճառել: