«Վաղ է գնահատականներ Կարեն Կարապետյանի գործունեությանը, գոնե մի հարյուր օր տալիս են, բայց մենք կարող ենք չսպասել և մի քանի հարցադրում անել հիմա ու տեսնել, թե ինչ կպատասխանեն»,- ԱԺ ճեպազրույցին այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Ով էլ գա վարչապետ այս կոռումպացված միջավայրում, այդ վիճակում, երբ որ ռեժիմը հիմնված է մենաշնորհների, ապօրինի արտոնությունների վրա, ի՞նչ պիտի անի։ Եթե փորձի ապամոնտաժել, դա կնշանակի վերջ ռեժիմին։ Բայց դա հնարավոր չէ։ Մենք սպասելիքներ չունենք։ Երկրորդ, հիմնվելով վարչապետի որոշ հայտարարությունների վրա, մեկն այն է, որ ինքը շարունակեց այն արատավոր գիծը, ասաց, որ մենաշնորհը վատ է, եթե ձևավորվել է ադմինիստրատիվ որոշումներով։ Այստեղ մենք խորը հակասություններ ունենք և նախորդ և այս կառավարության հետ։ Մենաշնորհը միշտ չարիք է նույնիսկ մրցունակ միջավայրում։ Եթե դա լավ բան լիներ, ամերիկացիները հակամենաշնորհային օրենքներ չէին ընդունի»,- ,- ասում է Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանը հիշեցնում է նորանշանակ վարչապետի ախտորոշումը, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է. «Մեզ միշտ մեղադրում էին չափազանցելու, իրականությունն աղավաղելու մեջ, և հիմա պարզվում է՝ Կարեն Կարապետյանը ասաց այն, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ։ Մեկ այլ բան էլ ասաց՝ գազի և էլեկտրաէներգիայի գները հնարավոր է նվազեցնել։ Մեզ մեղադրում էին ժողովրդին խաբելու մեջ, երբ ասում էինք, որ հնարավոր է իջեցնել։ Մենք հիմա ի՞նչ ասենք՝ որ ՀՀԿ-ն զբաղվում է նախընտրական պոպուլիզմո՞վ։ Մենք նման բան չենք ասի։ Թող անեն»։
Վարչապետի փոփոխության իմաստը, ըստ Զուրաբյանի, այն էր, որ պակասեցնեն ժողովրդի զզվանքը իշխանության նկատմամբ. «Շատերն իհարկե սպասելիքներ ունենալու են։ Ճիշտ է, այդ սպասելիքները շուտով կավարտվեն»։