Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՕՐԻՆԻ ԲԻԶՆԵՍԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

70 տարի փայտանյութ ներկրող Հայաստանը վերջին տարիներին դարձել է փայտանյութ արտահանող երկիր:

Մաքսային կոմիտեի տվյալների համաձայն հայկական փայտը արտահանվում է Պարսկաստան, Թուրքիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ նույնիսկ Տանզանիա: Ի դեպ, խորհրդային տարիներին Հայաստանը եղել է բացառապես փայտանյութ ներկրող երկիր եւ ընդհանրապես փայտանյութի արտահանմամբ չի զբաղվել:

Հայաստանի անտառների վերջին գույքագրումը կատարվել է 1991 թվականին: Անտառածածկ տարածքների մասին այժմ ստույգ տվյալներ չկան: Եթե նախկինում անտառի ծածկույթը Հայաստանում եղել է 25%, ապա այժմ` տատանվող տվյալների համաձայն, 6-8% է: ԱՊՀ երկրներում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների նորման 2.7 հեկտար է, Հայաստանում այդ թիվը կազմում է 0.1 հեկտար մեկ շնչին: Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքի մակերեսը մեզ մոտ 27 անգամ պակաս է, քան օրինակ՝ ԱՊՀ այլ երկրներում:

Համաձայն Հայաստանի անտառտնտեսություններին իջեցված պլան- առաջադրանքների` տարեկան հատումների ծավալը Հանրապետություն չի գերազանցում 71-75 հազար խորամետրը: Իրականում անտառահատման ծավալներն շատ ավելի են: Առանձին փորձագիտական գնահատականներով տարեկան հատումների ծավալը հանրապետությունում կազմում է մինչեւ 1 միլին 250 հազար խորանարդ մետր: Այն դեպքում, երբ հանրապետության բոլոր անտառների փայտառեսուրսները կազմում են շուրջ 42 միլիոն խորանարդ մետր: Վերջին թիվն, ի դեպ, տարներ առաջ կատարված գոյքագրման տվյալն է: Արտահանման նպատակով սղոցվում են ամենաարժեքավոր ծառատեսակները. կոնյակի ու գինու տակառների համար՝ կաղնի, ընկույզ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի ներքին երեսպատման եւ «կահավորման» համար, կահույքի եւ մանրատախտակի համար:

Մեծ է նաեւ շինափայտի տարեկան շրջանառությունը, որը կազմում է 8 միլիոն դոլար, իսկ վառելափայտի շրջանառությունը գնահատվում է եւս 10 միլիոն դոլար: «Այդ գումարները նույնիսկ պետբյուջե չեն մտնում, որովհետեւ մեծ մասը ապօրինի հատման արդյունքում է ստացվում: Հայաստանում առայժմ թույլ են տրվում միայն սանիտարական հատումներ, իսկ սանիտարական հատման արդյունքում ստացված փայտանյութը որեւէ գործարար անձ չի արտահանի, որովհետեւ դա այդ արժեքը չունի: Արտահանվում է ամենաթանկարժեքը եւ արժեքավորը, օրինակ՝ կաղնին, որը ամբողջ աշխարհում արդեն քիչ է եւ մենք, փաստորեն, շատ էժան գներով եւ, շատ մեծ վնաս պատճառելով մեր շրջակա միջավայրին, դա արտահանում ենք»,- ասւմ է «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը:

Ի դեպ, եթե Հայաստանում ապօրնի հատումներ կան, ապա դա նշանակում է, որ երկիրը խախտում է «Կենսաբազմազանության մասին»,«Կլիմայի փոփոխության մասին», «Անապատացվման դեմ պայքարի», Օրհուսի կոնվենցիաները: Այսինքն՝ չենք իրականացնում այն բոլոր պարտավորությւնները, որոնք ստանձնել ենք միջազգային փաստաթղթերը ստորագելուց հետո:

Հատկանշական է, որ Հայաստանի անկախության 15 -ամյակի կապակցությամբ դատապարտված անձանց համաներում շնորհող որշման մեջ նշված է, որ որոշ հանցագործությունների համար համաներում չի շնորհվում, այդ թվում նաեւ անտառահատողներին: